Իրավունքը քաղաքականության ամենից կարեւոր տարրն է. Սարո Սարոյան
Ժամանակակից հայկական աշխարհընկալումը մշտարթուն պահում է այն համոզմունքը, որ քաղաքականության մեջ իրավունքը երկրորդային կամ, նույնիսկ, կեղծ կատեգորիա է, եւ որ աշխարհում ամեն ինչ որոշվում է իրապաշտական (ռեալպոլիտիկի) հողի վրա։ Ըստ այդ համոզմունքի՝ աշխարհում կան ուժային կենտրոններ, որոնցից է կախված մեր ու մեզ նման հանրությունների ապագան։ Ուստի, մեր խնդիրն է գտնել մեզ պաշտպանող ուժային կենտրոնին, պայմանավորվել նրա հետ («կախվել» նրանից) ու նրա օգնությամբ փրկություն գտնել այս արեւի տակ։
Մի պարզ օրինակ։ 30 տարի Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական էլիտան լծված էր Արցախի հարցում իրավունքը արհամարհելու գործին։ Ոտնահարելով ՀՀ Անկախության հռչակագիրը՝ այդպես էլ ոչ մի վարչախումբ երբեք չգնաց Արցախը ՀՀ մաս ճանաչելու կամ ԼՂՀ-ն ճանաչելու ու նրա հետ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ ...










