Բազում խնդիրներ լուծման կարոտ են հենց պատժի կիրառման միջոցով

Այսօր շատ հայեր Դուգինի դստեր մեքենայի պայթեցումը մեկնաբանում են որպես աստծո պատիժ, կարմա եւ այլն։ Իրականում ոչ մի կարմա էլ չկա ու հայերս ի վերջո պետք է կարողանանք դուրս գալ կրոնական գիտակցության կապանքներից։ Դուգինը պուտինյան Ռուսաստանի գաղափարական հայրն է, Եւրասիայում ռուսական ու թյուրքական աշխարհների դաշինքի հետեւորդ ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական շերտերի քրմապետը։ Կրոնը եւ եկեղեցին քաղաքական երեւույթներ են եւ «քրմապետ» տերմինը ես օգտագործում եմ հենց բուն նշանակությամբ, որպես քաղաքական գաղափարախոսության ղեկավար։ Դուգինի դստեր ահաբեկումը քաղաքական ակտ է՝ կազմակերպված քաղաքական այն սուբյեկտների կողմից, ովքեր Դուգինի գաղափարախոսության հակառակորդն են եւ ովքեր գիտակցում են դրա ավերիչ բնույթը մարդկության մի ստվար մասի համար։ Մեզ համար կարեւոր է Դուգինի դստեր ահաբեկումը չվերագրել կարմային, քանզի ենթագիտակցական մակարդակում մենք այդպես տուրք ենք տալիս խնդիրները չլուծելու մեր արատներին։ Բազում խնդիրներ լուծման կարոտ են հենց պատժի կիրառման միջոցով։ Մեր փոխարեն աստված երբեք չի գալու լուծի դրանք, աշխարհում նման բաներ չեն լինում։ Հերիք է խնդիրների լուծումը տեսնել մեզնից դուրս, սին հույսեր կապել աստծո նախախնամությանը, պատժին, փրկությանը։ Խնդիրները տեսնում, ձեւակերպում ու լուծում են քաղաքական սուբյեկտները։ Եթե քաղաքական որոշակի սուբյեկտներ իրենց պատիժը սահմանել ու իրականացրել են Դուգինի դստեր նկատմամբ, ապա մենք որպես քաղաքական ազգ խնդիր ունենք նույնպես քաղաքական վարք ցուցաբերել՝ պատժելու համար բոլոր նրանց, ովքեր մեր պետության դեմ գործել են աղետալի չարիքներ։

Սարո Սարոյան