Նեթանյահուի՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնմանը հակազդելու նպատակով իրականացված օդային հարվածները նոր լարվածություն են ստեղծել Անկարայի և Թել Ավիվի միջև
Իսրայելի և Թուրքիայի միջև հնարավոր ռազմական բախման շուրջ մտահոգությունները խորանում են այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտին՝ Թուրքիայի սահմանին մոտ։
Երեքշաբթի Իդլիբի նահանգում գտնվող Աբու ալ-Դուհուրի ավիաբազայի ուղղությամբ իրականացված ութ օդային հարվածները Նեթանյահուն ներկայացրել է որպես նախազգուշացում Անկարային՝ Սիրիայում իր ռազմական ներկայությունը չընդլայնելու և սիրիական զինված ուժերի վերականգնմանը չաջակցելու վերաբերյալ։
Իսրայելի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Իսրայելի և Սիրիայի միջև նախկինում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ «անվտանգության հարցերում առկա ստատուս քվոն պահպանելու» շուրջ։ Ըստ իսրայելական կողմի՝ Դամասկոսը պատրաստվում էր խախտել այդ պայմանավորվածությունը՝ թույլատրելով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպի մերձակայքում գտնվող ռազմական ավիաբազայում։
«Իսրայելը բազմիցս նախազգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կարող է սպառնալիք ստեղծել Իսրայելի անվտանգության համար։ Սիրիան որոշեց անտեսել այդ նախազգուշացումները», — ասված է Նեթանյահուի գրասենյակի երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ։
Հաջորդ օրը Նեթանյահուն օդային հարվածները բնութագրել է որպես հստակ «ուղերձ»՝ ընդգծելով, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում Թուրքիայի ռազմական դիրքերի ամրապնդումը, հատկապես այն դեպքում, եթե թուրքական ազդեցությունը տարածվի դեպի երկրի հարավ։
«Մենք փոխանցեցինք այդ ուղերձը՝ մի՛ արեք դա։ Սակայն, ըստ երևույթին, նրանք չլսեցին, և մենք որոշեցինք համոզվել, որ այս անգամ այն ավելի հստակ հասկանան», — հայտարարել է Նեթանյահուն Իսրայելի բանակային ռադիոյին տված հարցազրույցում։



Վաշինգտոնի մտահոգությունն ու բախման վտանգը
Իսրայելի գործողություններին նախորդել էր Վաշինգտոնի կողմից արտահայտված «խորը մտահոգությունը»՝ իսրայելական կողմի գործողությունները գնահատելով որպես լարվածության «անհարկի սրացում»։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացրել այն հանգամանքը, որ Իսրայելը նախապես չի տեղեկացրել թուրքական կողմին իրականացվելիք գործողությունների մասին։ Արդյունքում Թուրքիայի սահմանին մոտ իսրայելական կործանիչների հանկարծակի հայտնվելը թուրքական հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարներին կարող էր հանգեցնել վտանգավոր միջադեպի և նույնիսկ ռազմական բախման։
Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքով՝ թուրքական զինված ուժերը նկատել էին իրենց տարածքի ուղղությամբ շարժվող օդանավերը և, հաշվի առնելով իրավիճակը, կարող էին լիովին հիմնավոր կերպով նախապատրաստել պատասխան գործողություններ։
Հատկանշական է, որ 2015 թվականին Թուրքիան նմանատիպ պայմաններում խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռ՝ պնդելով, որ այն սպառնում էր խախտել երկրի օդային տարածքը։
Մերձավոր Արևելքի հարցերով մի շարք փորձագետներ նույնպես ընդգծել են միջադեպի վտանգավոր բնույթը։
Բրուքինգսի ինստիտուտի փորձագետ Ասլը Այդընթաշբաշի գնահատմամբ՝ Թուրքիան և Իսրայելը գուցե չունեն անմիջական ռազմական դիմակայության մեջ մտնելու նպատակ, սակայն մի շարք հանգամանքների համադրությունը կարող է նրանց ակամա մղել բախման։
Սիրիայում ազդեցության գոտիների նոր պայքար
Թուրքիան 2017 թվականից ի վեր Սիրիայի հյուսիս-արևմուտքում ստեղծել և վերահսկում է տասնյակ ռազմական օբյեկտներ։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո թուրքական ուժերը, ըստ մի շարք դիտորդների, չեն ընդլայնել իրենց աշխարհագրական ներկայությունը։
Իշխանափոխությունից հետո Անկարան որոշ ժամանակ դիտարկում էր Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական ավիաբազաներում իր ուժերի տեղակայման հնարավորությունը։ Սակայն 2025 թվականի մարտին և ապրիլին այդ օբյեկտների ուղղությամբ իսրայելական հարվածներից հետո թուրքական կողմը հրաժարվել էր այդ ծրագրերից։
Այս զարգացումների արդյունքում Սիրիայում ձևավորվել էր ոչ պաշտոնական ուժային հավասարակշռություն։ Իսրայելը, որը Ասադի իշխանության անկումից հետո վերահսկողության տակ վերցրեց երկրի հարավ-արևմուտքի մի մասը, փաստացի պահպանել էր գործողությունների ազատություն Սիրիայի հարավային հատվածում, մինչդեռ երկրի հյուսիսը դիտարկվում էր որպես Թուրքիայի հիմնական ազդեցության գոտի։
Սակայն Աբու ալ-Դուհուրի ավիաբազային հասցված վերջին հարվածները վերլուծաբանները գնահատում են որպես այդ ոչ պաշտոնական սահմանների վերանայման փորձ։
Ատլանտյան խորհրդի Թուրքիայի ծրագրի ավագ գիտաշխատող Ռիչ Աուտցենի խոսքով՝ Նեթանյահուի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես Իսրայելի անվտանգության գոտու ընդլայնման փորձ՝ մինչև թուրք-սիրիական սահման։
Բախման վտանգը շարունակում է աճել
Թել Ավիվի համալսարանի Մոշե Դայան կենտրոնի գիտաշխատող և ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ Նիր Բոմսի գնահատմամբ՝ վերջին միջադեպը մեծացրել է Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր բախման վտանգը, թեև լայնածավալ ռազմական դիմակայության հավանականությունը դեռևս անմիջական չէ։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունները նաև հստակ ազդանշան են ուղղված Դամասկոսին՝ կապված Սիրիայի ռազմական համակարգի վերակազմավորման և այդ գործընթացում Թուրքիայի աճող դերի հետ։
Իսրայելա-ամերիկացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Շայել Բեն-Էֆրաիմը նույնպես կարծում է, որ վերջին օդային հարվածները մեծացրել են Թուրքիայի հետ պատահական ռազմական բախման հավանականությունը, թեև, նրա գնահատմամբ, Իսրայելը ներկայում լայնածավալ պատերազմի ձգտում չունի։
Փորձագետը նաև ենթադրում է, որ Նեթանյահուի կողմից լարվածության սրումը կարող է ունենալ ներքաղաքական նպատակներ՝ հոկտեմբերին նախատեսված ընտրություններից առաջ աջակողմյան ընտրազանգվածի համախմբման տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, նա նախազգուշացնում է, որ իրավիճակի սխալ գնահատումը կարող է հանգեցնել ավելի լայն դիմակայության։ Նրա խոսքով՝ Սիրիայում թուրքական և իսրայելական ազդեցության հստակ սահմաններ չկան, իսկ Թուրքիայի համար երկրի ապագան ռազմավարական առաջնահերթություն է։
Էրդողանի զուսպ արձագանքը
Մինչ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համեմատաբար զուսպ է արձագանքել տեղի ունեցածին։ Նա մերժել է Նեթանյահուի պնդումները՝ Սիրիայում թուրքական ռազմական ուժերի կուտակման վերաբերյալ, դրանք որակելով անհիմն։
Էրդողանի խոսքով՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունները կապված են տարածաշրջանում ավելի ընդարձակողական և ապակայունացնող քաղաքականություն վարելու մտադրության հետ՝ Իսրայելում սպասվող ընտրությունների նախաշեմին։
Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, նույնիսկ Իսրայելում քաղաքական ղեկավարության փոփոխությունը պարտադիր չէ, որ հանգեցնի Թուրքիայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականության էական մեղմացման։ Նեթանյահուի հիմնական քաղաքական մրցակիցները ևս կիսում են Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության աճի վերաբերյալ մտահոգությունները։
Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Իսրայելի ռազմական և քաղաքական ռազմավարության մեջ զսպման քաղաքականությունը աստիճանաբար իր տեղը զիջում է կանխարգելիչ գործողություններին, ինչը մեծացնում է տարածաշրջանային անկանխատեսելիության ռիսկերը։
Երկարատև դիմակայության հեռանկարը
Մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններում կարող է սկսվել երկարատև և լարված մրցակցություն։ Դրան նպաստում են Թուրքիայի աճող տարածաշրջանային հավակնությունները, Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցության հարաբերական թուլացումը, Իսրայելի միջազգային մեկուսացման խորացումը և Իրանի ռազմական ու քաղաքական ներուժի վերականգնման գործընթացը։
Մյուս կողմից, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իսրայելի քաղաքական ղեկավարության հնարավոր փոփոխությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերանայման համար, ներառյալ նաև Թուրքիան։
Սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, տարածաշրջանային լարվածության նվազեցման համար անհրաժեշտ է քաղաքական պատրաստակամություն երկու կողմերից էլ։ Առայժմ նման երկխոսության հստակ նախադրյալներ չեն երևում, իսկ Սիրիան շարունակում է մնալ Թուրքիայի և Իսրայելի ռազմավարական շահերի բախման հիմնական հարթակներից մեկը։
TIR MEDIA
