(Ա) ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ. Պարույր Սևակ
https://youtu.be/vs9yc7Nk2WE
"Ա" Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայկ: Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձո՛ւկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկընքից անջուր Գոնե անձրևի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք Ձևը վարսանդի Եվ կոչում կարաս, Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, Եվ մկըրտության այդ ջուրը դեղին Հարբածությունից նույնիսկ առավել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»: Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝ Դա...









