Հայկական «Ամերիկացի» ֆիլմը՝ «Օսկար»-ի կարճ ցուցակում

 

Առաջին անգամ հայկական արտադրության ֆիլմն անցել է «Օսկար»-ի կարճ ցուցակի երկրորդ փուլ: Երեկոյան ԱՄՆ-ի կինոարվեստի ակադեմիան հրապարակել է 96-րդ մրցանակաբաշխության 10 անվանակարգում ընդգրկված աշխատանքների shortlist-ը:

«Միջազգային լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում տարբեր երկրներից ներկայացված 88 աշխատանքից հաջորդ փուլ են անցել 15-ը, այդ թվում՝ ռեժիսոր Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը պատմում է Ցեղասպանությունից ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած Չարլիի մասին:

Գլխավոր կերպարին մարմնավորում է հենց ռեժիսորը: 1947-ին Չարլին վերադառնում է Հայաստան ու բախվում խորհրդային իրականությանը. նրան ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման: Կալանավայրի արտաքին պատի՝ երկրաշարժից առաջացած ճեղքի միջոցով նա սկսում է հետեւել դիմացի շենքի բնակարաններից մեկում ապրող ամուսինների՝ Տիգրանի (Հովիկ Կեուչկերյան) ու Ռուզանի (Նարինե Գրիգորյանի) կյանքին: Նրանք դառնում են արտաքին աշխարհի հետ Չարլիին կապող միակ օղակը: Չարլին սկսում է ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացած պետական ֆինանսական աջակցությամբ: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականին Երեւանում՝ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։

«Օսկար»-ի հավակնող ֆիլմերի վերջնական ցուցակը կհրապարակվի 2024-ի հունվարին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին՝ Dolby թատրոնում: