Հայաստանի դեմ «հաղթանակը» Ալիեւին ու Փաշինյանին Պուտինի հետ կտանի Հաագա

Ռուսաստանը ներկայում պայմանական կարելի է անվանել պետություն․ այն միջազգային տեղեկատվական հարթակում նույնացվում է Բուչայի ու Մարիուպոլի, երեխաների առեւանգման, ուկրաինական խաղաղ բնակչության սպանությունների, մառազմի, Պրիգոժինի բանդաների, մոտ 700 իրավական ակտերի հետ, որոնցով օրինականացվում են կոռուպցիան, մաքսանենգությունը, սպանությունները եւ այլ հանցագործություններ։

Ռուսաստանի ձախողումը որպես պետություն անդառնալի դարձավ Հայաստանի դեմ Լավրովի անվամբ ռուսական պլանի իրագործմամբ։ Հայաստանի դեմ արշավը չափազանց ծանր է արժենալու Ռուսաստանին․ Ռուսաստանի հետ տեղի է ունենալու այն, ինչ նա ծրագրել է Հայաստանի դեմ։ Առանց որեւէ հեռանկարի։ Մեկը մյուսի ուղիղ հետեւանքն է։ Մոսկովիան արդեն պատրանքային է թվում, առարկայական ուրվագծվում է թուրքերի կամ չինացիների տակ, կամ միաժամանակ, որպես ուլուս գոյատեւելու Ռուսաստանի հեռանկարը։

Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ Ռուսաստանը ռազմական արշավը նախաձեռնեց իր ռազմավարական անխուսափելի նահանջը հնարավորինս սահուն իրագործելու համար։ Ուկրաինայում Պուտինը պատերազմը սկսեց Հայաստանի դեմ «հաղթանակից» ոգեշնչված։ Ռուսների գլխավոր թիրախը եւ նպատակը սակայն Ուկրաինան չէ, Ուկրաինայում պատերազմը վերը նշված խնդիրը կառավարելի իրագործելու միջոց է։ Թիրախը Հայաստանն է, Հայաստան չպետք է լինի։

2022-ի օգոստոս-սեպտեմբերից այս ծրագիրը մտել է վճռորոշ փուլ՝ նոյեմբերի 9-ի թղթի հակահայ կիրառման շրջանակի փաստացի ընդլայնմամբ եւ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, «խաղաղ օրակարգի» շուրջ նրա ռուսանպաստ եւ արտախորհրդարանական հենակների, հանրային զգալի շերտերի, մեդիա-քաղաքագիտության լայն կոնսենսուսով։

   Ոչ թե Ալիեւն է ղեկավարում Փաշինյանին, այլ հակառակը․ Ուղիղ նայենք ակունքներին
   Չկա Արեւմտյան Հայաստան, չկա Արցախ ու Նախիջեւան, չկա Արարատ․ Կա Նիկոլի Էյվազլին

Հայաստանն իշխանություն չունի, ավելի ճիշտ՝ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները իրագործում են Հայաստանի վերացման ծրագիրը «Հայաստանի պարտության եւ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական հզորության» հիմքով թշնամական քարոզչությամբ։

2020-ի տարօրինակ պատերազմը եւ «հետպատերազմյա կարգավորումը» Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռանկյունում «խաղաղ դարաշրջանի» համատեքստում սպասում են գնահատականների։ Պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հեռանկարը մեծանում է, հատկապես Հաագայի դատարանի՝ Պուտինի եւ Բաքվի դեմ վճիռների առկայության, ինչպես նաեւ միջազգային ատյանների՝ «հայ-ադրբեջանական կարգավորման» եւ ոճրագործ եռյակի հանցավոր պայմանավորվածությունները ջրի երես հանող հայտարարությունների պայմաններում։

Այս հեռանկարը ոճրագործ եռյակին դրել է բավական երկիմաստ դրության մեջ, ստիպելով «կանխարգելման ռեժիմով» բացել որոշ հանգամանքներ։ Եվ որքան իրական դառնա այդ հեռանկարը, այնքան ավելի լուրջ բացահայտումներ են լինելու պատերազմի հանգամանքների եւ «հետպատերազմյա կարգավորման» վերաբերյալ։ Դա է ՌԴ ԱԳՆ զառանցագին հայտարարությունների եւ Բաքվի «հաղթական» հիստերիայի պատճառը։ Դա է պատճառը, որ Նիկոլը հայտարարեց հնարավորինս շուտ եւ ի հեճուկս բոլորի «խաղաղ պայմանագիրը» ստորագրելու մասին, հընթացս չեզոքացնելով միջազգային ատյաններում հայտնի երեք սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման հնարավորությունները եւ մերժելով նման առաջարկները։ Իր հերթին, միջազգային ատյաններին Երեւանը հայցերը կազմում է այնպես, որ ճանաչվեն Բաքվի իրավունքները եւ չեզոքացվի ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության հնարավորությունը։

Կամ ոճրագործ եռյակը Նիկոլի առաջնորդությամբ իրագործում է Հայաստանի վերացման ծրագիրը, կամ հայտնվում է Հաագայի դատարանում։ Հայերի լուծելիք խնդիրը թշնամական ծրագրի տապալումն է, որի համար դեռ հնարավորություններ կան, հայկական իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորել։ Նիկոլը սակայն մեզ պետք է այստեղ, որպես ազգային նվաստացման ու ստորության կենդանի նմուշ, որն անփոխարինելի դիդակտիկ արժեք ունի գալիք սերունդների համար:

Աղբյուրը  Լրագիր (lragir.am)