1918 թ. մարտի 24-ին ժողովրդական զանգվածների, զինվորականության և Երևանի Հայոց ազգային խորհրդի կողմից ընտրվելով դիկտատոր, իսկ հուլիսի 17-ին, անդրանիկ կառավարության Երևան ժամանելուց հետո, գլխավորելով ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ Արամը մինչև մահ իր իշխանությունն օգտագործեց բացառապես հօգուտ համազգային շահերի, երբեք չձգտեց հարստության, չփորձեց իրեն վեր դասել շարքային քաղաքացուց ու հասարակությունից: Լինելով անսահմանափակ իշխանության տեր, նա ապրում էր հասարակ մարդկանց նման՝ իրական հարգանք ցուցաբերելով ժողովրդի նկատմամբ:
Արամի Մանուկյանին բնորոշող և նրա հաջողությունը պայմանավորող գծերից մեկն էլ՝ իրադարձությունները կանխատեսելու և դրանց լուծում տալու ունակությունն էր: Բայց նա լավ էր հասկանում, որ միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ, որ պետականաշինությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից։ «Դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ․ հերոսը ժողովու՛րդն է և եթէ ժողովուրդը պատրաստակամություն ունի աշխատել ու փրկվել վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքն ապարդյուն չի անցնի»:
Եվ նրան հաջողվում էր շնորհիվ իրեն բնորոշ խոսքի և գործի նույնականության, իր մտքերը վերածվել իրականության: Այսօր Արամի հիշատակի օրն է։
Արշալույս Զուրաբյան