1919-1920թթ. Հայաստանը թշնամի տարրերից մաքրել է Ռուբեն Տեր-Մինասյանը

1918-1920թթ. Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և պատերազմական գործողություններ վարում Արցախը, Նախիջևանն ու Սյունիքը նվաճելու համար։ Բացի հիշյալ հայկական երկրամասերից՝ ադրբեջանական իշխանություններն աչք էին տնկել նաև Զանգիբասարի, Վեդիբասարի, Դարալագյազի, Շարուրի, Սուրմալուի, Բասարգեչարի, Բաշգյառնիի և այլ թրքաբնակ շրջանների վրա:

Խորհրդակցելով Արամ Մանուկյանի հետ՝ Ռուբեն Տեր Մինասյանը 1918-ի ամռանը մշակում և հավատարիմ խմբապետների ուժերով գործողության մեջ է դնում Հայաստանը թշնամի տարրերից մաքրելու գործը, որը շարունակվում է 1919-1920թթ. և որի արդյունքում՝

1. ճնշվում են Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների թուրք-թաթարական ապստամբությունները՝ ապահովելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը (հայաստանաբնակ թուրքերն ստեղծել էին սեփական կառավարությունները (շուրա) և ձգտում էին ներսից պայթեցնել Հայաստանը),

2. թրքաթափվում են ռազմական ամրությունների վերածված հարյուրավոր մահմեդական բնակավայրեր և հարյուր հազարավոր հայ փախստականներ տեղավորվում են թաթարների կողմից լքված գյուղերում՝ փրկվելով ստույգ մահից՝ սովից ու տարափոխիկ հիվանդություններից,

3. վերստին հայանում է մեր հայրենիքի արևելյան հատվածը, ինչն անչափ կարևոր էր ազգապահպանության եւ հայոց պետականության կայացման համար։

Արտաշես Հովսեփյանի (Մալխաս) վկայությամբ՝ Ռուբենը յուրաքանչյուր թրքաբնակ շրջան Հայաստանի թշնամիներից մաքրազարդելուց հետո՝ վերցնում էր քարտեզը, ազատագրված տարածքը ներկում կապույտ գույնով եւ երազում տեսնել այն օրը, երբ քարտեզը կդառնա միագույն։

Ռուբեն Տեր Մինասյանը Հայաստանի հանրապետության հիմնադիր հայրերից է, պետականապաշտ ու հայրենատեր Հայ, ում շնորհիվ աշխարհի քարտեզի վրա գոյություն ունի իր պաշտած Հայաստանի հանրապետությունը։

Լուսանկարում՝
Ռուբեն Տեր Մինասյանը (1920թ.ՀՀ ռազմական եւ ներքին գործերի նախարար)

Արշալույս Զուրաբյան