Բուլղարիան գաղտնի փրկեց Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբում

Բուլղարիան գաղտնի մատակարարում էր Ուկրաինային վառելիք և բաղադրամասեր Ուկրաինայի ունեցած խորհրդային արտադրությանզենքի համար։ Այս առաքումները գաղտնի են պահվել, որպեսզի դրանք չխանգարվեն Բուլղարիայի կառավարության ռուսամետ քաղաքական գործիչների կողմից, գրում է Welt-ը։ Հրատարակությունը նշում է, որ ռուսական ներխուժման առաջին ամիսներին ուկրաինական բանակը վառելիքի և խորհրդային տրամաչափի զինամթերքի սուր պակաս է զգացել։ Բուլղարիան օգնության է հասել, բուլղարական վերնախավի զգալի մասի ռուսամետ կողմնորոշման պատճառով Սոֆյան դրսևորեց դիրքորոշում, որ չի զինում Ուկրաինային։ Այնուամենայնիվ, դա «ծխի էկրան» էր։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, Բուլղարիայի նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի և նրա ֆինանսների նախարար Ասեն Վասիլևի հետ հարցազրույցների հիման վրա լրագրողները կազմել են «պատկեր, թե ինչպես է Բուլղարիան լրացրել այդ բացը» և միջնորդների միջոցով օգնել Կիևին խիստ անհրաժեշտ զենքով, զինամթերքով և դիզելային վառելիքով անցած տարում։

Լրագրողների տվյալներով՝ Բուլղարիայի կառավարությունը միջկառավարական գործարքների մեջ չի մտել Ուկրաինայի հետ՝ մատակարարումներ կազմակերպելով միջնորդ ընկերությունների միջոցով Բուլղարիայում և արտերկրում։ Ռազմական ապրանքները գնացել են Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա։ «Մեր գնահատականներով՝ պատերազմի սկզբնական փուլում ուկրաինական բանակին անհրաժեշտ զինամթերքի մոտ մեկ երրորդը եկել է Բուլղարիայից», – ասել է Պետկովը։ Վասիլևի խոսքով՝ Բուլղարիայի կողմից Ուկրաինա ուղարկվող դիզվառելիքը ստացվել է Բուլղարիայի «Լուկօյլ» գործարանում ռուսական հում նավթի վերամշակումից։ «Բուլղարիան դարձել է Ուկրաինա դիզվառելիքի խոշորագույն արտահանողներից մեկը և երբեմն ծածկել է Ուկրաինայի կարիքների 40 տոկոսը»,- ասել է երկրի ֆինանսների նախկին նախարարը։

Կուլեբան հաստատել է այս տվյալները՝ նշելով, որ առանց բուլղարական օգնության ռուսները ավելի շատ գյուղեր ու քաղաքներ կգրավեին, ավելի շատ ուկրաինացիների «կսպանեին ու կբռնաբարեին»։ «Կիրիլ Պետկովը ազնվություն դրսևորեց, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան, որ օգտագործեց իր բոլոր քաղաքական հմտությունները լուծում գտնելու համար»,- ասել է Կուլեբան՝ նշելով, որ այն ժամանակ Բուլղարիայի վարչապետը որոշել է լինել «պատմության ճիշտ կողմում», թեև Բուլղարիայի իշխող կոալիցիայի մի մասը կողմ էր Ռուսաստանին։ Ըստ լրագրողների՝ Բուլղարիայից Ուկրաինա բոլոր մատակարարումները ֆինանսավորվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։