Այսպես կոչված ՛՛Խաղաղության պայմանագրի՛՛ վերաբերյալ

Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկա երկու ամսվա ընթացքում (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին տասնօրյակում) Նիկոլ Փաշիյանը ստորագրելու է, այսպես կոչված, ՛՛Խաղաղության պայմանագիր՛՛ Ադրբեջանի հետ: Չնայած գրավիչ անվանմանը այս փաստաթղթի բուն նպատակն է վերջին պատերազմում հայոց փաստացի de facto պարտությունը ամրագրել իրավականորեն de jure:

Նախ բացասականի մասին: Այս փաստաթուղթն ունենալու է բազմաթիվ բացասական հետևանքներ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար: Դրանցից են.

  1. Պայմանգիրը մեկընդմիշտ, վերջնականապես փակելու է Արցախի հարցը՝ այն դարձնելով զուտ Ադրբեջանի ներքին հարց: Առավելագույնը, որ հայերը կարող են դրանից հետո ակնկալել ինքնորշման ճանապարհով՝ դա Ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ ու Բաքվի վերհսկողության տակ կրթա-մշակութային ինքնորոշումն է:
  2. Պայմանագիրն ամրագրելու է, որ ՀՀ 27-30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Դա լրջագույն հիմքեր կտա Ադրբեջանին, միջազգային տարբերատյաններում ու դատարաններին հատուցման հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ՝ մի քանի տասնակ միլիարդ դոլարից մինչև մի քանի հարյուր միլիարդ: Առանց այդ փաստաթղթի Ադրբեջանը նախ պիտի ապացուցի Հայաստանի Հանարապետության պաշտոնական ներգարվվածության հարցը:
  3. ՛՛Խաղաղության պայմանգիրն՛՛ ամրագրելու է ՍՍՀՄ վարչական սահմանները որպես պետական սահմաններ, որի հետևանքով Հայաստանը կստանա ոչ թե ապաշրջափակում, այլ ավելի խորը շրջափակում, քանի որ Ադրբեջանը վերահսկողություն կստանա Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան ճանապարհների վրա: Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհի վրա, Տիգրանաշեն/Քյարքի անկլավում՝ Իրանի պարագային, և Ոսկեպար ու այլ անկլավներում՝ Վրաստանի պարագայում:
  4. ՛՛Խաղաղության պայմանգիրն՛՛ ամրագրելու է ՍՍՀՄ վարչական սահմանները որպես պետական սահմաններ, որի հետևանքով կվերահաստատվեն Մոսկվայի և Կարսի պայմնագրերի հետևանքները, քանի որ վարչական սահմանների օրինականացումը թեկուզ և մի մասի վրա, նշանակում է նրա օրինական լինելը ամբողջության մեջ: Ըստ այդմ, Հայաստանը զրկվում է հնարավրությունից Թուրքիայի նկատմամբ իր իրավունքները երբևէ բանեցնելու որևէ հնարավորությունից: Հայոց պահանջատիրության հարյուրամյա պայքարը ի չիք է դառնում:
  5. Նույն կերպ կասեցվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ պայքարը, քանի որ այն համարվելու է հակասող ՛՛բարիդրացիական հարաբերություններին՛՛: Միևնույն ժամանակ այդ ճանաչումներն են իմաստազրկվելու, քանի որ այլևս որևէ հատուցման հնարավորություն չի լինելու:

Այս հարցի առնչությամբ անհրաժեշտ է նաև նկատի ունենալ երեք հանգամանք.

  • Ա. ըստ Հանրաքվեի մասին ՀՀ սահմանադրական օրենքի (Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին) տես՝ հոդված 4, կետ 3, ՛՛Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը՛՛ գտնվում են համապետական հանրաքվեի լիազորությունների շրջանակում: Հետևաբար առանց հանրաքվեր որևէ մեկն իրավասու չէ միանձնյա որոշելու պետության սահմանների հարցը:
  • Բ. Համաձայն միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի (ընդունված է 2018թ. մարտի 23-ին) կա պայմանագրի ստորագրման հստակ ընթացակարգ: Ցանկացած շեղում այդ ընթացակարգից փաստաթութի կնքումը դարձնում է անօրինական: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից չեն պահպանվում նշյալ օրենքի պահանջները:
  • Գ. Ադրբեջանական ներկայիս հանրապետությունը իր առաջին իսկ փաստաթղթերից մեկով ՝ КОНСТИТУЦИОННЫЙ АКТ АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ от 18 октября 1991 года №222-XII О восстановлении государственной независимости Азербайджанской Республики, հրաժարվել է ՍՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից: Ուստի նա որևէ հիմք չունի հավակնելու ՍՍՀՄ տարիների Ադրբեջանական ՍՍՀ վարչա-տարածքային միավորի վարչական բաժնարար գծերին որպես միջպետական սահմաններին:

Հիմա դրական մասին՝ չկա։

Արա Պապյան, 
7 սեպտեմբերի, 2021թ., ք. Երևան