Ռուսաստանը ջախջախված հեռանալու է այսրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին

Ստեփանակերտի հանրահավաքի գնահատականը պետք է բաժանել երկու մասի`

1. Հավաքված բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կամքի և եռանդի ցուցադրությունը հույս է տալիս, որ, չնայած վերջին 2 տարվա աղետն ու Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հայաստանակործան ընթացքը, արցախահայությունը չի հանձնվում, և պայքարելու է մինչև վերջ: Արցախը` ապրում է:

2. Հարթակից հնչած ուղերձները.

Քաղաքական և ազգային միասնության հարթակը վերածվեց կենացների ճաշկերույթի:

ա. Ոչ մի հստակ պահանջ: Ի՞նչ էին պահանջում աշխարհից: Հստակ պահանջը ո՞րն էր: Բացե՞ն միջանցքը: Ո՞նց, ի՞նչ մեխանիզմներով, Արցախում ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ, ո՛չ ԵՄ ո՛չ էլ ՄԱԿ ներկայացուցչություն չկա: ՄԱԿ-ի խաղաղապահնե՞ր էին պահանջում, ո՛չ, չկար այդպիսի պահանջ: Բաց օդային միջա՞նցք, ո՛չ, չկար այդպիսի պահանջ:

բ. Բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանական «բնապահպանների» պլանի գծողը ոչ միայն Ալիևն է, այլ նաև, և նախ և առաջ, Պուտին-Էրդողան տանդեմը: Զարմանալի կլիներ, եթե խոսվեր այդ մասին:

գ. Արցախից մնացած այս հատվածը Ռուսաստանի տիրապետության տակ է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների անվտանգության գլխավոր պատասխանատուն, այդ թվում` Բերձորի կյանքի ճանապարհով ազատ տեղաշարժման երաշխավորը ռուսական կողմն է, ռուս խաղաղապահներն են:
Ոչ մի պահանջ Ռուսաստանից և ռուս խաղաղապահներից: Ավելին, անուղղակի կոչեր չքննադատել ռուս խաղաղապահներին:

դ Փաստացի Ռուբեն Վարդանյան կերպարի առաջադրում որպես ազգային առաջնորդ, և նրա վարկանիշի բարձրացման նպատակ ունեցող քայլեր: «Իր անձը զոհելու պատրաստ առաջնորդ», սակայն, որը, ցավոք սրտի, ոչ մի հստակ քաղաքական տեքստ չասեց: Արցախի այսպես կոչված նախագահ Արայիկ Հարությունյանի կերպարը ստվերում թողնված` առաջ է մղվում Ռուսաստանյան վերնախավին մտերիմ գործարար Վարդանյանը: Ինչո՞ւ է դա արվում, ժամանակը ցույց կտա:

ե. Արցախի սուբյեկտացման` «անկախ Արցախի» լծակին, ավելացավ նաև «ինքնիշխան Արցախ»– մասին խոսքը: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Արցախն ինքնիշխան, եթե միակ արտաքին կապը, տնտեսական և անվտանգային հենարանը, դա` Երևանից է: Ու՞մ շահերից է բխում Արցախի սուբյեկտացումը` հռետորական հարց:

Իրականում, թե ո՞ր ժամին է արթնանում Ռուբեն Վարդանյանը, և երբ է նա պարկում քնելու, ոչ մի կապ չունի այն բանի հետ, որ Ռուսաստանը 2023 թվականին պարտվելու է Ուկրաինայում, և ջախջախված հեռանալու է անդրկովկասից` հանձնելով արցախահայությանը թուրք-ադրբեջանական տանդեմին: Եթե այսօր ռուսները մեզ «երշիկի նման կտրելով» են հանձնում, մոտ տարիները ամբողջությամբ և միանքամից են հանձնելու:

Վարդանյանի կողմից հնչեցրած այն պնդումը, որ նա Արցախի հետ է, և, որ Արցախը աշխարհի լավագույն «երկիրն» է, ոչ մի կապ չունի հանրության մի մասի կողմից հնչեցվող այն հարցադրման հետ, թե ինչո՞ւ Երևանի և Ստեփանակերտի քաղաքական վերնախավը չի մտածում և չի փնտրում ելքեր` մեզ թուրքական աշխարհին հանձնող ռուս օկուպանտներին փոխարինող, այլ՝ ՄԱԿ-ի մանդատ ունեցող զորքերի, Արցախ բերելու հարցի շուրջ:

Հանրահավաքային հարթակներից կենացներ հնչեցնելու ժամանակը չէ՛։ Աշխարհակարգ է փոխվում, և այդ ընթացքում հայությունը պետք է հստակ քաղաքական գնահատականներ տա և համարժեք աշխարհաքաղաքական տեսլական ունենա:

Այլապես կմնանք մեռնող կայսրության փլատակների տակ…

Սամվել Ասլիկյան

Ազգային ժողովրդավարական Բևեռի անդամ