Հայաստանի ընտրության գոյաբանական հրամայականը
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան բացահայտեց և խթանեց մեծ և միջին ուժերի ինքնուրույնացման և ռևանշականացման ընդհանրական միտումը։
Այս միտումը չի ներառում միայն այն մեծ կամ միջին ուժերին, որոնք ենթակա են ռուսական կամ չինական անմիջական և (կամ) միջնորդավորված սպառնալիքին (Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հրվ. Կորեա, Ճապոնիա և այլն)։
Նման պարագայում առաջանում է ամերիկաբրիտանական գերուժի և փոքր ուժերի դաշնակցության օբյեկտիվ անհրաժեշտություն։
Ամերիկաբրիտանական գերուժը հավելյալ կարիք ունի չինական գերուժի և Ռուսաստանի ու այլ մեծ ուժերի, ինչպես նաև ագրեսիվացող միջին ուժերի կողքին կամ դրանց միջև գտնվող փոքր ուժերի միջոցով զսպելու դրանց ծավալումը, իսկ փոքր ուժերը կարիք ունեն ամերիկաբրիտանական գերուժի աջակցությամբ չեզոքացնելու մեծ և (կամ) միջին ուժերից բխող գոյութենական սպառնալիքը։
Այս փոքր ուժերը՝ ի հակակշիռ իրենց դեմ ծառայացող գոյութենական սպառնալիքի, կլինեն ամերիկաբրիտանական գերուժի լավագույն և հավատարիմ դաշնակիցները։
Հայաստանը կանգնած է ամերիկաբրիտանական գերուժի դաշնակից փոքր ուժ (միջին ուժի վերածվելու հեռանկարով) դառնալու կամ Ռուսաստանի և այլ մեծ ու միջին ուժերի արանքում վերանալու ճակատագրական ընտրության առաջ։
Ճիշտ ընտրության գրավականն ազգային սուբյեկտացումն է, որի առաջին քայլն ազգային կառավարության ստեղծումն է։
Վարուժան Ավետիսյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
05.08.2022