Լոնդոնում Հայկ Մարտիրոսյանը հանդիպել է Բաթրսիի Լորդ, Ալֆրեդ Դաբսի հետ

Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բրիտանական  պառլամենտի վերին` Լորդերի Պալատում հանդիպում ունեցա իմ վաղեմի բարեկամ, Բարոն, Բաթրսիի Լորդ Ալֆրեդ Դաբսի հետ:

Ներկայացրեցի և քննարկեցի Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, Ուկրաինայի հետ Հայաստանի զուգահեռներն ու փոխկապակցվածություններն ու ներկայացրեցի Հայաստանի կենսական անհրաժեշտությունը` շարժվելու դեպի Արևմուտք:

Լորդ Դաբսը համաձայնեց այն մոտեցման հետ, որ Հայաստանի տեղն Արևմտյան քաղաքակիրթ երկրների ընտանիքում է: Լորդ Դաբսը նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի ծանր կացության կապակցությամբ և շեշտեց Հայաստանի տարածաշրջանային մեծ կարևորությունը Արևմուտքի համար:

Քննարկվեցին այլ հարակից կարևոր հարցեր ևս:

Լորդ Ալֆրեդ Դաբսը լեյբորիստական կուսակցության ամենաազդեցիկ Լորդերից է, Լորդերի պալատի ամենաակտիվ խորհրդարանականներից: Հայտնի է իր բազմաթիվ հումանիստական նախաձեռնություններով: Միացյալ Թագավորության հեռուստատեսության վերահսկողական հանձնաժողովի նախկին նախագահն է, հանդիսանում է մեկ տասնյակից ավելի բրիտանական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների խորհրդի անդամ:

Հ.Գ. Բրիտանական Խորհրդարանի ներսում լուսանկարների խստագույն արգելքի պատճառով լուսանկարվել ենք Լորդերի Մուտքի մոտ` Լորդերի պալատի փակ տարածքում: