Մեր ազգի համար բարդ ու անընկալելի, բայց իրականում հզոր ազգերի համար պարզ մի ճշմարտություն ասեմ։ Համախմբումը, միասնությունը, զորանալը, զարգացումը որքան կախված են մեր սուբյեկտային վարքից, նույնքան կախված են այլոց սուբյեկտային հակազդեցությունից։ Մեր սիրուն աչքերի համար ոչ ոք հանգիստ չի նստելու՝ տեսնելու համար թե ինչպես ես հզորանում կամ զարգանում։ Յուրաքնչյուրի առաջաընթացը ինչ-որ մեկի կամ մի քանիսի հետընթաց է ենթադրում։ Ուստի, եթե միավորվելու խնդիր ունես, այլոք քեզ պառակտելու խնդիր են ունենում։ Այսքանից ավել չասեմ, քանզի հոգնել եմ տարիներ շարունակ պնդելուց, որ պետական շինարարությունը, առաջընթացը, զարգացումը, հաղթանակները սկսվում են անվտանգության խնդիրները լուծելու կարողությունից։ Չորս տարի առաջ ներկայիս կառավարողների առաջ քաշած տնտեսական հեղափոխության մասին ճամարտակությունների դեմը հնարավոր չեղավ առնել, երբ առաջադրեցի ելակետային պայմանը՝ դրա համար ունենալ անկախ հատուկ ծառայություն։ Տգետներին թվում էր, թե երկրի տնտեսական զարգացումը զուտ տնտեսագիտական պարամետրեր ունի։ Այնպես, ինչպես հիմա շատերին թվում է, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը մեր տնտեսական զարգացման գրավականն է, կամ ազգի համախմբումը զուտ ներազգային ցանկությունների դաշտում է գտնվում։ Պետական ու հանրային կյանքի ցանկացած դրսեւորում առաջին հերթին քաղաքական չափում ունի ու կախված է ներքին ու արտաքին սուբյեկտների հակազդեցությունը չեզոքացնելու կարողությունից։