Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է դիվանագետներին Ուկրաինայից դուրս բերելու որոշումը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը չի աջակցել մի շարք արևմտյան երկրների և ԱՄՆ-ի՝ Ուկրաինայից դիվանագետներին դուրս բերելու որոշմանը՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սպառնալիքի ֆոնին։ Այս մասին նա հայտարարել է «Funke» մեդիախմբին տված հարցազրույցում, որը կհրապարակվի այսօր, փոխանցում է «DW»-ն։ Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագետների վաղաժամկետ տարհանումը «կասկածելի ազդանշան է Ուկրաինայի բնակիչների նկատմամբ»: Շալենբերգն ընդգծել է, որ Ավստրիայի դեսպանատան աշխատակիցներն այս անկայուն ժամանակահատվածում «պետք է իրենց տեղերում մնան այնքան, որքան արդարացված կլինի»: Բացի այդ, Ավստրիայի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ համաշխարհային պատերազմի վտանգի մասին: «Ես չեմ հավատում մեծ հրդեհներին։ Բայց կարծում եմ, որ նման արտահայտությունների օգտագործումը վտանգավոր է, քանի որ կարող է նրանց դրդել», -ասաց նա։