Ժիրայր Սեֆիլյանի ուղերձը Արցախի վերաբերյալ

Ժիրայր Սէֆիլյան

Այսօր Ալիևն այցելել է Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի բռնազավթված Ակնա քաղաքի տարածք, որտեղ հանդես է եկել հերթական հայտարարությամբ։

Արդեն սովորական դարձած կեղծիքից ու հոխորտանքից բացի, Ալիևը նաև դիմել է ադրբեջանցի գործարարներին` կոչ անելով ներդրումներ կատարել Ակնայում և պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներում։

Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը զուգահեռաբար ջանքեր չի խնայում Արցախի մարզի բռնազավթված տարածքներում օտարերկրյա ներդրումներ ապահովելու ուղղությամբ։
Համոզված լինելով, որ Հայաստանում ազգային իշխանության բացակայության պատճառով Բևեռի և իմ խոսքը առավել կարևոր է դառնում թշնամու, ինչպես նաև նրա հետ գործակցելու մտադրություն ունեցող օտարերկրյա սուբյեկտների համար, ադրբեջանցի և օտարերկրյա գործարարներին խորհուրդ եմ տալիս հազար անգամ մտածել Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի բռնազավթված տարածքներում ներդրում անելուց առաջ։

Նրանք պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնվելու է, ինչն էլ համապատասխան հետևանքներ է առաջացնելու իրենց համար։

Միևնույն ժամանակ` միջազգային քաղաքական և գործարար շրջանակներում մուտք ունեցող հայերին կոչ եմ անում տեղ հասցնել իմ այս ուղերձը։