Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով նվազագույնը 10 մարդ է մահացել, հաղորդում են Նահանգների պաշտոնական աղբյուրները։ Չորրորդ օրն է՝ կրակը չեզոքացնել չի ստացվում։

Շրջանի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել, որ հրդեհի բռնկման կասկածյալ է, բայց դեռ չկան ապացույցներ, որ դա դիտավորյալ է եղել։

«Ազատության» հետ զրույցում տեղի հայերը ներկայացրել են իրավիճակը։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հեղինակ Հրայր Թամրազյանը տեղից պատմեց, որ ամենամեծ վնասը կրել է Փելիսեյս թանկարժեք առանձնատների թաղամասը։ Այն բառացիորեն ջնջվել է։ Հայկական բնակավայրերից ամենաշատ տուժածը Փասադենան ու Ալթադենան են։

«Այրված մոխիրը ձյան փաթիլների նման թափվում է», – ասաց նա։

Նորդ Հոլիվուդի բնակիչներից Նաիրա Նալբանդյանն փոխանցեց՝ կրակը տեսանելի է հեռվից, բայց արդեն իսկ զգուշացում ստացան՝ կարող է էվակուացվեն։

Նա պատմում է՝ այրված տների տերերն անորոշության մեջ են։