ՀՀ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող պարոն Գրիգոր Մինասյանին
Ապստամբ քաղբանտարկյալ Վարուժան Ավետիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանից
ԴԻՄՈՒՄ – ԲՈՂՈՔ
Հարգելի՛ պարոն Մինասյան
Վարուժան Ավետիսյանը 2022 թ. մայիսի 28-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողկան հիմնարկում (որպես դատապարտյալ)։
Դեռևս դատաքննության փուլից սկսած մշտապես բոլոր պետական մակարդակներում, ներառյալ՝ ՀՀ Արդարադատության նախարարությունում, բարձրացրել ենք պարոն Ավետիսյանի առողջության խնդիրների հետ կապված մեր մտահոգությունները։
Ավելին՝ վերջին 1-2 ամիսների ընթացքում այդ խնդիրները ներկայացրել ենք ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին։
Հաշվի առնելով պարոն Ավետիսյանի կարգավիճակը, ակնհայտ է, որ պետությունն ի դեմս՝ Արդարադատության նախարարության, բացառիկ պատասխանատվություն է կրում նրա առողջության պահպանման համար։ Պետությունն իր այդ պոզիտիվ պարտավորության կատարումից ամենևին չի ազատվում նաև այն դեպքում, եթե հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանի կողմից գաղափարական հենքով պայմանավորված բողոքներ կամ գանգատներ չներկայացվեն։
Տեղեկություն ենք ստացել, որ վերջին օրերին վատացել է Վ. Ավետիսյանի առողջական վիճակը, և առկա են այն վտանգավոր ախտանշանները, որոնք Ավետիսյանի համար նախկինում մի քանի անգամ ծանր հետևանքներ են ունեցել, ինչը հնարավոր է կանխել հրատապ կարգով անհրաժեշտ բժշկական միջամտության դեպքում։
Պարոն Ավետիսյանի փաստաբանները կամ մերձավոր ազգականներից ոչ ոք չի կարող նրան տեսակցել և պարզել նրա առողջական վիճակը այն պատճառով, որ ՀՀ օրենսդրությունը դատապարտված անձանց տեսակցություն, ներառյալ՝ փաստաբանի հետ, նախատեսում է բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, և ըստ այդմ՝ դիմել բուժօգնություն ստանալու պահանջով, բայց Արդարադատության նախարարությունը չունի որևէ սահմանափակում այդ խնդրով հրատապ կարգով զբաղվելու համար։ Ավելին՝ պարտավոր է դա կատարել։
Ձեզ ներկայացնելով սույն Դիմում-բողոքը, խնդրում եմ հրատապ կարգով միջոցներ ձեռնարկել Վարուժան Ավետիսյանին պատշաճ և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու խնդիրը լուծելու համար։
Դիմող՝
Ա. Պապիկյան
Վարուժան Ավետիսյանի փաստաբան