Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլում ԵՄ-ին անդամակցելու դիմումը ՀԱԿ-ը ռիսկային է համարում

«Հայաստանի քայլերը դեպի Եվրամիություն այսօրվա մարտահրավերները հաղթահարելու երաշխիք չեն»

Հայաստանի եվրոպական ապագայի հետ կապված իշխող ուժի ծրագիրը նման է իրենց խաղաղության օրակարգին, անվտանգության հետ կապ չունի, վարչապետի կոչին այսպես են արձագանքում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

«Հետագա տարիները ցույց տվեցին, որ դա ևս որևէ ձևով կապ չուներ Հայաստանի, Հայաստանի շուրջ ընթացող գործընթացների ու այն իրականության հետ, ինչ որ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ», – ասաց «Պատիվ ունեմ» -ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Վարչապետը կառավարության վերջին նիստում հորդորեց քաղաքական ու հասարակական ուժերին արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, Եվրամիությանը անդամակցության օրակարգով քննարկումներ սկսել։ Եվրախորհրդարանը այդ բանաձևով կոչ է անում եվրոպական հանձնաժողովին ու խորհրդին աջակցել Երևանին՝ Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Արտախորհրդարանական արևմտամետ կուսակցություններն արդեն սկսել են քննարկումները։ Համարում են Եվրամիության հետ մերձենալու, իրենց խոսքերով՝ ռուսական ազդեցությունից ազատվելու պատմական պահն է։

Խորհրդարանական խմբակցությունները դեռ չեն արձագանքել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր կարծիքը հայտնեց, թե Հայաստանի քայլերը դեպի Եվրամիություն այսօրվա մարտահրավերները հաղթահարելու երաշխիք չեն։

«Այնպես չէ, որ Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ որևէ օրակարգ չեն ունեցել, տարբեր փուլերում այդ օրակարգը տարբեր մակարդակներ է ընդգրկել՝ քաղաքական, իրավական, այլ ուղղություններ, բայց այն, ինչ որ այսօր Հայաստանի իշխանությունը խոստանում է, այդ թվում նաև խոստացված անվտանգություն, դա որևէ ձևով չի համապատասխանում այն պատկերացումներին ու այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են», – ընդգծեց Աբրահամյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունում այս օրակարգով քննարկում չկա, փոխանցեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականություն վարելը»

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլում Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի դիմումը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական առումով վտանգավոր են համարում Հայ ազգային կոնգրեսից։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը արձագանքել է Փաշինյանի կոչին։

«Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի փորձը պետք է որ ցույց տված լիներ, թե մարդկային կյանքի, տարածքների ու տնտեսական ինչպիսի հսկայական կորուստների հետ են կապված եղել ոչ պատշաճ միջավայրում և ոչ պատշաճ ժամանակաշրջանում կատարված քայլերը: Այդ ռիսկերը բազմապատկվում են գլոբալ հակամարտության այսօրվա աննախադեպ իրավիճակում», – նշել է ՀԱԿ-ը:

Ըստ կոնգրեսի՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի դիմումին հաջորդող սպառնալիքների հաշվարկ իշխանությունը պետք է ներկայացնի հանրությանը։ Այդ ռիսկերն ու մարտահրավերները հաղթահարելու երաշխիքների հիմնավորում, անվտանգության և տնտեսության բնագավառում բոլոր մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ միջոցառումների իրատեսական ծրագիր, նշված է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում:

«Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոթորկալից հակամարտությունների միջավայրում, որոնց վերջնական հանգուցալուծման արդյունքները հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, Հայաստանի կենսական շահերից է բխում հավասարակշռված քաղաքականություն վարելը, ինչը թույլ կտա մի կողմից՝ հեռու պահել մեր երկիրը գերտերությունների միջև կռվադաշտի վերածվելու աղետալի վտանգից, մյուս կողմից՝ բարելավել հարաբերությունները բոլոր ուղղություններով և դառնալ խաղաղ և կայուն համագործակցության ու ներդրումների հանգույց», – ընդգծել է ՀԱԿ-ը:

Եվրամության հետ մերձենալու օրակարգով քննարկումներ են սկսել նաև արևմտամետ հասարակական կազմակերպությունները։ Փաշինյանը Եվրախորհրդարանի բանաձևից կես տարի առաջ էր դեռ հայտարարել՝ պատրաստ է Եվրամիությանն այնքան մոտ լինել, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի:

 

Աղբյուր  Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման այս փուլում ԵՄ-ին անդամակցելու դիմումը ՀԱԿ-ը ռիսկային է համարում (azatutyun.am)