Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախցիների պահանջը հավաքական վերադարձն է հայրենիք

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախցիների պահանջը հավաքական վերադարձն է հայրենիք

Արցախից տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում՝ իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնելու Հայաստանի կառավարությանը: Գլխավոր պահանջը հավաքական վերադարձն է հայրենիք: Պնդում են, որ իշխանությունը Բաքվի հետ բանակցություններում նաև իրենց վերադարձի հարցը բարձրացնի:

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը շեշտում է՝ պատրաստ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ միայն միջազգային բարձր երաշխիքների պայմաններում։

«Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել», – ասաց Բեգլարյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նշեց. – «Արցախի Ազգային ժողովի կողմից ձևավորվել է հանձնախումբ, որը տարբեր միջազգային դերակատարների հետ պետք է քննարկի այն պայմանները, որոնց ներքո մենք տեսնում ենք վերադարձի տեսլականը: Այս պահին իրատեսական համարել մեր պահանջների ներքո այնտեղ վերադարձը ես չեմ տեսնում, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ մենք իրավունք չունենք թեման փակելու կամ թույլ տալու, որ միջազգային դերակատարները փակեն այդ թեման»:

Տեղահանված շարքային արցախցիներն էլ են շեշտում՝ պատրաստ վերադարձի, սակայն, միջազգային խաղաղապահների ներկայությամբ։

Նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում արցախցիները: Նրանք անընդունելի են համարում կառավարության կողմից դեռևս քննարկվող տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Այն դեռ մշակման փուլում է, բայց պաշտոնյաներն արդեն հայտնել են՝ գործադիրը ցանկանում է ամեն տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ տրամադրել՝ բնակարան ձեռքբերելու համար: Որոշ առանձին դեպքերում մինչև 5 միլիոն դրամ:

Արցախցիները պնդում են՝ առնվազն 5 մլն դրամ պետք է տրամադրվի ընտանիքի ամեն մի անդամին, որ մարդիկ կարողանան գոնե մարզերում բնակարան գնել:

 

Աղբյուր Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախցիների պահանջը հավաքական վերադարձն է հայրենիք (azatutyun.am)