Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
«Վստահ եմ, մեր ժողովուրդն ունի և՛ կամք, և՛ ուժ, և՛ հնարավորություններ ապրելու, արարելու, հաղթահարելու այսօրվա դժվարությունները։ Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք։
Մենք պետք է Հայաստանում, ձեր օգնությամբ, մտածենք այն մասին, թե ինչպես օգտագործենք մեր առավելությունը։ Հայաստանում պետք է լրջորեն քննարկենք, թե ինչպես փոխենք մեզ՝ Սահմանադրությունից մինչև վերաբերմունք, որ օգտագործենք մեր բնական ռեսուրսը՝ մարդկանց, և որ Հայաստանը բոլորի հայրենիքը դառնա։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է և բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում՝ և՛ լավի, և՛ վատի համար։ Վստահ եմ, որ ի վերջո 21-րդ դարը կարող է մեր դարը լինել։ Ամենամեծ արժեքը լինելու է մարդը, մենք պետք է պատրաստ լինենք դրան և լրջորեն աշխատենք, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում: Ովքեր արագ կլինեն, կհաղթեն՝ և տնտեսական մրցակցությունում, և՛ մշակութային, և՛ ռազմական։ Տնտեսական հաջողությունը ևս կապված է լինելու գիտելիքի հետ։ Եվ մեր ժողովուրդը կարող է դա անել՝ Հայաստանում և Սփյուռքում ունենալով քաղաքականություն, որն ուղղված է դեպի ապագա»,-հանդիպման ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։