Հայ տհաս վերնախավը պատրաստ է ուտել ռուս-թուրքական կտերը

Լաչինի միջանցքի հարցն այսօր միայն տվյալ տարածքի վրա եղած բնակավայրերի հայկական պատկանելության հարց չէ, ինչպես ներկայացնում են մեր հանրային-քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները։ Այն Ադրբեջանի համար Արցախի պատկանելիության որոշման, Արցախի հնազանդեցման ու Արցախի հայաթափման առանցքային կետն է։ Դա ընկալելու համար ամբողջ տրամաբանությունը ստորեւ պետք է փորձեմ ներկայացնել։

Լաչինի միջանցքի հետ կապված ներկայիս զարգացումների քաղաքական տրամաբանությունն այնտեղ է, որ թուրքերը գտել են ծվատված հայկական Արցախն իրենց վերահսկողության տակ բերելու ճանապարհը։ Ըստ նոյեմբերի 9-ի զինադադարի տեքստի՝ Ադրբեջանը ճանաչում է Լաչինի միջանցքի գոյությունը, որտեղ ինքը չի կարող որեւէ վերահսկողություն ունենալ։ Զուտ իրավական առումով հարցը փակված է։ Ուստի թուրքերը գնացել են իրենց հուզող խնդիրը փաստացի լուծելու՝ Լաչինի միջանցքը իրենց վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով։ Բայց այդ դեպքում փաստացի որեւէ լուծում, որտեղ ի հայտ կգար Ադրբեջանի վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, կհակասեր իրավական ամրագրված պարտավորություններին։ Ուստի թուրքերն այդ խնդիրը փորձել են լուծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը փողով գնելու ճանապարհով։ Դրա արդյունքում գործող ՀԷԿ-երը չապամոնտաժելու, բնակավայրերում տների ու այլ տեսակի անշարժ գույքը չպայթեցնելու դիմաց եւ հանուն խոստացված բազմամիլիոնանոց դոլարների՝ Արցախի ներկայիս ղեկավարությունն է շահագրգռություն ցուցաբերում օր առաջ անցնել նոր երթուղով երթեւեկությանը։ Սակայն, ըստ նոյեմբերի 9-ի զինադադարի տեքստի՝ նոր ճանապարհը Ադրբեջանին հնարավորություն չի տալիս վերահսկողություն սահմանել դրա նկատմամբ։ Եւ պաշտոնական Բաքվի ու նրա ետեւում կանգնած ուժերի խելամտությունը բավարարել է հենց միջանցքի հարցը սարքեն չկարգավորված ու խճճված այնպիսի խնդիր, որ փաստացիորեն ստացվի, թե հայերն են իրենց ձեռքով պատրաստ գնալ մի լուծման, որտեղ Ադրբեջանն ինքնաբերաբար դառնում է Լաչինի ճանապարհի նկատմամբ վերահսկող կողմ։

Տրամաբանությունը հետեւյալի մեջ է, նոր երթուղին ամբողջությամբ պատրաստ չէ, հետեւաբար այն չի կարող շահագործվել։ Ըստ ՀՀ ղեկավարության պատկերացումների՝ ՀՀ տարածքում շինաշխատանքները կավարտվեն միայն 2023թ-ի վերջին, իսկ լավագույն դեպքում 2023թ. ամռանը։ Արցախի ղեկավարությունը համաձայնել է, որ մինչեւ այս ամսվա վերջ Արցախը որպես շահագրգիռ կողմ անցնի նոր՝ Ադրբեջանի կառուցած երթուղուն, որը տանում հասցնում է մի կետի, որից հետո ճանապարհ չկա։ Դրանից հետո լավագույն դեպքում մի 4-5 կիլոմետր գրունտային ավերակ ինչ-որ կածանով, մի կերպ մեքենաները պետք է հասնեն «լույս աշխարհ»՝ Գորիսի Տեղ գյուղի մոտ եղած ասֆալտապատ ճանապարհին։ Բնականաբար նման ճանապարհը երբեք չի կարող գործել ու բանուկ ճանապարհ դառնալ։ Հայկական կողմը ստիպված է լինելու կամ չերթեւեկել, կամ գնալ հին Լաչինի ճանապարհով, որն արդեն կլինի Ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանը բնականաբար կտեղադրի ուղեկալներ ու երթեւեկող անձանցից կպահանջի անձնագրեր։ Ֆիզիկապես տեղաշարժվելու բարդություններ Ադրբեջանը չի ստեղծի, կստեղծի միայն իրավական լրջագույն բարդություններ։ Արցախի բնակիչների ՀՀ անձնագրերի հարցը կդառնա լուրջ խնդիր։ Հայերը ստիպված կլինեն ճանաչել Ադրբեջանի իրավասությունները Արցախի նկատմամբ, որպեսզի կարողանան երթեւեկել։ Նմանապես նույն կերպ կդրվեն գազի, էլեկտրականության, բջջային մալուխների հարցերը։ Այդ ենթակառուցվածների հարցում նոր գծերի բացակայությունը կստիպի, որ հայկական կողմն իր ձեռքով գնա հնի գործարկմանը ու պաշտոնական Բաքվի՝ Լաչինի հին ճանապարհով անցնող այդ ենթակառուցվածների նկատմամբ վերահսկողության ճանաչմանը։ Այդ ամենը շաբաթներ կամ ամիսներ հետո կդառնա Ադրբեջանի հաղթաթուղթն առ այն, որ

ա․ հայերն իրենք են համաձայնել Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության ճանաչմանը (հին, թե նոր ճանապարհը կլինի, դա այդ ժամանակ ոչ մեկին արդեն չի հուզի, անգամ բոլորը կխճճվեն, թե Լաչինի միջանք ասելով խոսքը որ ճանապարհի մասին է), եւ
բ․ Ադրբեջանը ոչ մի վտանգ չի ներկայացնում ֆիզիկական տեղաշարժերի համար եւ հետեւաբար «Լաչինի միջանցք», որպես այդպիսին չի կարող լինել, քանզի միջանցքի խնդիրը կոնֆլիկտներում հենց կապված է անվտանգային խնդիրների առկայությունից ու «միջանցքի» որպես խնդրի լուծմանը հասնելու բացառիկ հնարավորությունից։

Այսքանը ամբողջական չէր լինի, եթե ես չխոսեյի ռուս խաղաղապահության մասին։ Ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ Լաչինի միջանքի տերը պետք է լինի Ռուսաստանը։ Թուրքերը երբեք չէին կարող հասնել Արցախի ղեկավարության հետ նման գործարքներ կնքելուն, եթե չստանային Կրեմլի համաձայնությունը։ Նմանապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը երբեք չէր գնա Բաքվի հետ նման գործարքների, եթե չստանար ռուս խաղաղապահության համաձայնությունը։ Ըստ էության, փաստացիորեն, բայց ոչ իրավաբանորեն, Ադրբեջանը ստանում է Արցախը իր վերահսկողության դաշտ բերելու ու նաեւ հայաթափելու հնարավորությունը։ Դա շատ մեծ գին արժի Կրեմլի հետ պայմանավորվելիս։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Թուրքիայի աջակցությունը վայելող Կրեմլի համար հայկական մանրադրամները միշտ տեղին են։ Բայց խնդրի նրբությունն այնտեղ է, որ աչքերը փակելով ու ջայլամային վարք ցուցաբերելով ռուս խաղաղապահությունը (Կրեմլը) շահած է դուրս գալու բոլոր դեպքերում։ Լաչինի միջանցքը թանկ վաճառելով թուրքերին՝ Ռուսաստանն այդ խնդրին ապագայում անդրադառնալու իրավական բոլոր թելերը պահում է իր ձեռքում։ Ըստ ռուսական մտածողության՝ երբեւէ կարող է հարկ լինի պահանջել որպեսզի Ադրբեջանը չունենա որեւէ վերահսկողություն միջանցքի նկատմամբ եւ դրա համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը լիովին բավարար է։ Իսկ մինչ այդ Բաքուն կկենտրոնացնի իր դիվանագիտական ջանքերը միջազգային հանրության մոտ Լաչինի միջանցքի իմաստը արժեզրկելու եւ կամ համազոր՝ Մեղրիի միջանցքի ճանաչումը պաշտոնական Երեւանից ստանալու վրա։ Կարեւորը ոչ ոք չխոսի Ռուսաստանի այդ խնդրում ունեցած «անգործության» մասին։ Ռուսներն անգամ պատրաստ են եղածը ներկայացնել որպես իրենց անզորության ցուցիչ, կամ հայկական կողմի Բաքվի հետ սեպարատ համաձայնության դաշտում, միայն թե չերեւա իրենց ուղղակի մասնակցությունը նշածս գործարքների կնքման գործում։ Ի դեպ, այս ամենը ներկայացրածս տրամաբանությամբ կարող էր տեղ գտնել իրական կյանքում, եթե պաշտոնական Երեւանը իսկապես հավատացած լիներ, որ Լաչինի նոր երթուղու հաստատման պլանը ու ճանապարհի կառուցումը պետք է լիներ ոչ շուտ, քան 2023թ. աշնանը։ Ռուս-թուրքական դաշինքը, ինչպես նախկինում բազում անգամներ, այս անգամ նույնպես մատ արեց հավկուրությամբ տառապող հայ տհաս վերնախավին, ովքեր պատրաստ են ուտել ամեն տեսակ կտեր, որը նրանց առաջ շաղ են տալիս թուրքերն ու ռուսները։

Վերջում նշեմ, որ թուրքերի կառուցած նոր ճանապարհը չի համապատասխանում ճանապարհաշինական որեւէ ստանդարտի։ Այն ընդամենը շատ լավ գեղանկար է, որը անպիտա կդառնա արդեն ձմռան վերջում՝ սառցակալումից հետո սկսված հալոցքի ու ջրահոսքերի արդյունքում։ Այն չի կառուցվել այնտեղով երթեւեկելու համար, այն կառուցվել է հայերին կուտ տալու ու համոզելու, որ իբրեւ թե Բաքուն իր բոլոր պարտավորությունները կատարել է։

Սարո Սարոյան