ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԳ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Սովորե՛նք Կոստան Զարյանից եւ Հայկ Ասատրյանից
Ազգը ստեղծում է մշակույթ։
Մշակույթը ստեղծում է քաղաքակրթություն։
Քաղաքակրթությունը ստեղծում է պետություն։
Ըստ այդմ՝
Պետությունը կոչված է պահպանելու քաղաքակրթությունը։
Քաղաքակրթությունը կոչված է պահպանելու մշակույթը։
Մշակույթը կոչված է պահպանելու ազգը։
Հայրենիքը ազգ-մշակույթ-քաղաքակրթություն երրորդության եւ դրա կրիչների եւ դրսեւորումների ամբողջությունն է՝ թե՛ որպես ինքնին տիեզերական-բնազանցական բովանդակ համակարգ, թե՛ որպես այդ համակարգի հոգեմտավոր եւ նյութական բովանդակություն եւ ձեւ, նաեւ՝ որպես այդ ամենի նախաստեղծ, անցյալ, ներկա եւ ապագա արարչագործություն՝ ներառյալ՝ ոգի, աստվածներ, նախնիներ, սերունդներ, հերոսներ, առաքելություն, ճակատագիր, ռիթմ, էպոս, հավատ, երկիր, լեզու, ոճ, տիպ, հիշողություն, իղձ, խորհուրդներ եւ խորհրդանիշներ, ժառանգություն, զգացմունքներ եւ զգացումներ։ Այն ամենը, ինչ մարդուն ինքնություն, այսինքն՝ ազգային հանգ ու կերպ ունեցող անձ եւ անհատ մարդ է դարձնում։
Ուստի ա՛զգն ու Հայրենիքն են կարեւոր, մինչդեռ պետությունը երկրորդային-ածանցյալ է։
Եվ, ինչպես ընդամենը շենքը տուն չէ, այնպես էլ ընդամենը պետությունը Հայրենիք չէ, այլ միայն Հայրենիքը պահպանելու գործիք եւ միջոց։
Եվ բնակչությունը կամ նույնիսկ քաղաքացիների ամբողջությունը դեռեւս ազգ չէ։
Երբ փոխարինում են՝ քաղաքակրթությունը մշակույթին եւ/կամ պետությունը Հայրենիքին, ապա դրանք դառնում են քաղցկեղ եւ սպանում են մարդը, ազգը եւ Հայրենիքը։
Նաեւ՝ պետք չէ շփոթել նմանը նույնի հետ։
Այսօր երկրագունդը գերբեռնվել է ուրիշի մշակույթի վրա հիմնված մակաբույծ
քաղաքակրթություններով եւ, առավել եւս՝ ուրիշի քաղաքակրթության վրա կառուցված գիշատիչ պետություններով։
Հայության առաքելությունն է՝ դառնալ դեպի իր Ոգին եւ նրա Արարատյան մշակութային արմատին, վերածնվել, այդ թվում՝ քաղաքակրթորեն եւ պետականորեն, ապա՝ վերածննդի լույսը տանել մարդկությանը՝ բուժելու համար նրան մակաբույծ քաղաքակրթությունների եւ գիշատիչ պետությունների հարուցած քաղցկեղային անկյալությունից։
Վարուժան Ավետիսյան
21 փետրվարի 2024