Ինչո՞ւ է Փաշինյանը սկսել այս բոլոր հարձակումները Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննարկելու առիթով.
Գարեգին Չուգասզյան
————————————————————————–
Պետք է հիշեցնեմ ձեզ, որ բացի շվեյցարահայերի հետ հանդիպման իր ելույթից, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը իր էջում տեղադրեց իր «Բանտային օրագրից» մի հատված, որտեղ ինքը խոսում էր, որ այո´, նորից ցեղասպանության հարցի վերարծարծումը պիտի լինի, բայց ավելի կարևոր էր այնտեղ մի ուրիշ հիշատակում` ասում էր. «Իմ գործը չէ այստեղ պատմական վերլուծություններ անել, ես դա թողնում եմ Սերժ Սարգսյանի ստեղծելիք պատմաբանների հանձնաժողովին»:
Ուրեմն դեռևս այն ժամանակվանից նա կիսում է Էրդողանի այն միտքը, թելադրանքը, որ պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննի և որոշի` ինչը ինչպես է եղել, ով է մեղավոր և այլն…
Այսինքն, Փաշինյանը իր ելույթներով նորից հաստատում է, որ ինքը կողմ է այդ թուրքական օրակարգին և իր այդ քայլերով ինքը մոտեցնում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը:
Հիմա որոշ միամիտ մարդիկ կարող են հարցնել. «Ի՞նչ վատ բան կա, որ պատմաբանները ստեղծեն այդ հանձնաժողովը և քննեն այդ հարցը, չէ՞ որ ազատ խոսք է, մարդիկ պետք է քննարկեն, միգուցե մենք սխալ ենք ընկալում անցյյալը» և այլն…
Եվ այստեղ կա այդ միամտության վրա հաշվարկ:
Ես ուզում եմ հիշեցնել, որ պատմաբանները զբաղվում են պատմական փաստերի ուսումնասիրությամբ և ճշգրտմամբ և եթե խոսք է գնում 1915 թվականի ոճրագործության մասին, ապա այդ հանցագործության հետքերը հավաքվել էին և դատավարություն էր տեղի ունեցել 1919թ. Կոստանդնուպոլսում:
Թուրքական դատարանը ինքը քննել էր և բոլոր փաստերը հավաքելուց հետո որոշում էր կայացրել ու մահապատժի էր դատապարտել օսմանյան պարագլուխներին, որոնք իհարկե փախուստի մեջ էին: Եվ նրանք, ովքեր ձերբակալված էին բանտում, չգիտես ինչպես նույն օրերին բոլորը բանտից փախան:
Այդ դատավարությունը ավարտվեց, բոլոր պատմական փաստերը, որ հավաքվել էին, ոչնչացվեցին, կորան, և երկրորդ հանցագործությունը տեղի ունեցավ: Այսինքն ոչ միայն հանցագործություն տեղի ունեցավ, այլև հանցագործության հետքերը ոչնչացվեցին:
Երբ պատմության հետքերը ոչնչացվում են, պատմաբանները այլևս անելիք չունեն: Այստեղ միայն քաղաքական գնահատականի հնարավորություն կա: Ուստի այս ամեն ինչը արվում է մեզ դեպի փակուղի տանելու, զարտուղի ճանապարհներով փորձում են մեզ մղել մի ինչ-որ պատմական քննարկման, որից հնարավոր չէ դուրս գալ: Բոլոր երկրները, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, նրանք քաղաքական գնահատական են տվել, որովհետև պատմական հետքերը ոչնչացված են:
Ուրիշ հարց, որ Նիկոլ Փաշինյանը երբևիցե քաղաքական գնահատական չի տալու: Եվ փորձում են զրկել մեր հաջորդ բոլոր սերունդներին քաղաքական գնահատական տալու հնարավորությունից, որովհետև իր գնահատականով արդեն իսկ Փաշինյանը թուրքական ջրաղացի վրա ջուր է լցնում և բոլոր այն երկրների ու գիտնականների աշխատանքի վրա է ջուր լցնում, որոնք այս տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրել են հարցը և եկել են հստակ քաղաքական գնահատականի:
Ահա, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանը. նա ուղղակիորեն չի ժխտում, ասում է. «Ես հո չժխտեցի՞…»: Բայց Էրդողանն էլ է ասում. «Ես պատրաստ եմ ընդունել, թող պատմաբանները ապացուցեն, ես կընդունեմ, չեմ ժխտում ես»:
Շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում: Եվ իր քաղաքականությունը հստակ մեկ քայլ մոտեցնում է դեպի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման Էրդողանի առաջարկությանը: Ահա, թե ինչու է Փաշինյանը սկսել այս բոլոր հարձակումները Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննարկելու առիթով: