«Արցախը պետք է մնա հայկական» թեզից ծնվեց` «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»-ի քաղաքականությունը: __ Ի՞նչ է նշանակում` «Արցախը պետք է մնա հայկական», և ո՞րն է այդ մոտեցման խորքային քաղաքական բովանդակությունը: Պատկերացնենք վատագույն սցենարով, եթե ադրբեջանական անձնագրեր բաժանեն արցախահայությանը, ապա այդ դեպքում Արցախը կհամարվի՞ հայկական: Օրինակ` Բեյրութի Պուրճ Համուտի հայկական թաղամասն էլ է համարվում հայկական, բայց Բեյրութը այլ պետության կազմի մեջ է, որը Հայաստանի հետ որևէ կապ չունի: Ենթադրենք եթե նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և Մոսկվայի պլանների ձախողումը՝ ռուսական սցենարով զարգանային իրադարձությունները, որով ենթադրվում էր, որ Արցախը կդառնա Ռուսաստանի անկլավ, ապա այդ դեպքու՞մ էլ «Արցախը կմնար հայկական»։ Ապա ո՞րն է «Արցախը պետք է մնա հայկական» եզրույթի քաղաքական ուղերձը: Իրականում «Արցախը պետք է մնա հայկական» եզրույթից է ծնվել ներկայիս իշխանությունների «Տեղ գյուղից այն կողմ` Ադրբեջանն է»: Այդ վերջին թեզը 30- ամյա քաղաքականության հետևանքն է, որով «Անկախ Արցախ» գործիքով` 1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ և ՀՀ անկախության հռչակագրով ամրագրված Հայաստանի անբաժանելի մաս Արցախը` պոկված պահեցին Հայատանից, որի բնական հետևանքով և իրարահաջորդությամբ ծնվեց փաշինյական «Տեղ գյուղից այն կողմ` Ադրբեջանն է» Հայաստանի պաշտոնական պետական քաղաքականությունը: Պարզապես վերը նշված երկու իրարահաջորդ քաղաքականությունների հեղինակները սարսափում են` «Արցախը պետք է լինի Հայաստան» ճանապարհային քարտեզից, քանի որ իրենք` 1921 թ. «Լենին-Քեմալ» Մոսկովյան պակտի և Արցախը Ադրբեջանին նվիրաբերող Կովբյուրոյի որոշման աշխարհաքաղաքական ճարտարապետության գերիներն են: Նախկին-ներկա բոլոր իշխանությունների համար Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը սովետական Հայաստանի վարչական 29,8 հազ քառ. կմ. տարածքն է: Դա է գաղութացված և մասնատված սովետական Հայաստանի ժառանգ` 3-րդ Հանրապետության այցեքարտը, և հենց այդ քաղաքականությունը բերեց 2020 թ. նոյեմբերի 9-ի աղետին: Արցախը երբեք չի եղել ինքնիշխան և ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջության մաս: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության վարչական միավոր էր: Ադրբեջանական ԽՍՀ-ն միջազգայնորեն ճանաչված պետական սուբեկտ չէր: Ընդ որում` անպայման պետք է նշել, որ Ադրբեջանական ներկայիս հանրապետությունն իրեն Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ չի համարում: Ասինքն` Ադրբեջանը ԽՍՀՄ վարչատարածքային սահմաներն իր ներկայիս պետական սահմաններ չի համարում: Այդ դեպքում հայությունը ո՞ր միջազգայնորեն ճանաչված պետական սուբյեկտից էր 30 տարի պահանջում Արցախի անկախությունը: Ի դեպ, շատ լավ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, քանզի Արցախը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության մաս՝ ըստ 1920 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի, որը Հայաստանի արևելյան սահմաններին վերաբերող միջազգային միակ իրավական և լեգիտիմ փաստաթուղթն է: Բացի այդ, 1989-ի դեկտեմբերի 1-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունել: Դրանից հետո՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին անցկացված Արցախի այսպես կոչված անկախության հանրաքվեն ապօրինի էր և թելադրված Մոսկվայից` Արցախը Հայաստանից պոկված պահելու և Ռուսաստանի համար որպես մանրադրամ ծառայեցնելու նպատակով: Իսկ բուն հանրաքվեն մանիպուլյատիվ էր, քանի որ բացակայում էր Հայաստանին վերամիավորվելու մղումը, և Արցախի հայությանը տրված էր ընդամենը երկու ընտրություն` լինել Ադրբեջանի կազմում կամ անկախ: Ամփոփում. Արցախը կմնա հայկական միայն ՀՀ կազմում: Արցախը կարող է լինել կա՛մ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության մաս‚ կա՛մ էլ Ադրբեջանի: Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ