«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Գրիգորյանը անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ հանած Երևանի «կանաչապատման» գործընթացին։ ««Եթե ճապոնացիները կարողացել են սակուրան, որը տեսակով բալենի է, ծաղկելը ստանան, պտուղը չստանան, վստահաբար նույնը մենք կարող ենք անել ծիրանենու հետ»։
Այս «հանճարեղ» միտքը պատկանում է Երևանի փոխքաղաքապետ, դե-ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը չգիտես ինչու որոշել է համատեղության կարգով դենդրոլոգ աշխատել, կամ ինքնահռչակվել, որպես մերօրյա Միչուրին։ Հարց է ծագում իսկ տրամաբանությունը որն է գումար, ռեսուրս և ժամանակ ծախսել նման էքսպերիմենտների վրա, միթե Երևանում բոլոր խնդիրները լուծված են, կամ դրա համար մասնագիտական գիտահետազոտական ինստիտուտներ չկան։
Պարզվում է դեռ կան, գոյատևում են, բայց ծառահատման և ծառատնկման հարցում նրանց կարծիքը ոչ ոք չի էլ հարցրել։ Մինչդեռ բնակավայրերի, հատկապես խոշոր քաղաքների, առավելևս մայրաքաղաքների կանաչապատման հարցը լուրջ գիտատար գործընթաց է։ Նման հարցերով ամբողջ ոլորտային գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատում, որոնք նախագծի մշակման ընթացքում կարծիքներ են փոխանակում և համադրում, շատ դեպքերում հաշվի է առնվում միջազգային փորձը։ Ճիշտ այդպես է ժամանակին իրականացվել Երևանի կանաչապատման ծրագիրը՝ հաշվի են առել թե բնակլիմայական պայմանները, թե էկոլոգիան, թե դիրքը, թե քաղաքաշինական առանձնահատկությունները։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Երևանի գրեթե բոլոր փողոցների (նույնիսկ ամենածայրամասային և երկրորդական) մայթերի եզրերը կանաչապատման համար նախատեսված տարածք ունեն և բոլոր ճանապարհների եզրերին տնկված են ծառեռ։
Դա արվել է հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը չոր, խիստ կոնտինենտալ (շոգ ամառներ, ցուրտ ձմեռներ), կիսաանապատային կլիմայով (փոշոտ) քաղաք է։ Ըստ նախագծի ճանապարհների եզրերին տնկված ծառեռը պետք է լուծեին միանգամից մի քանի խնդիր՝ շոգ եղանակին ապահովեին ստվեր և խոնավություն, կլանեին փոշին և թթվածնով հագեցնեին մայրաքաղաքի ախտոտված օդը։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ հատուկ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում տնկման համար ընտրվել են այն ծառատեսակները, որոնք լավագույնս կարող են լուծել առկա խնդիրները։
Օրինակ երևանյան փողոցներում հաճախ հանդիպող թեղին համարվում է աշխարհի ամենա լավ փոշի կլանող ծառատեսակը։ Արդեն ոչ այնքան շատ հանդիպող կաղնին (90-ականներին դրանք մասսայաբար հատվեցին ջեռուցման և այլ նպատակներով) ամենակենսունակ, երկարակյաց և սաղարթախիտ ծառերից է։ Կաղնիները մայրաքաղաքի մայթերում ապահովում էին ստվերային մեծ տարածք և խոնավություն։ Ընդհանրապես Երևանի կանաչապատման նախագծերում նախապատվությունը տրվել է սաղարթախիտ ծառերին՝ թխկի, թեղի, կաղնի, հացենի։ Նրանք լավագույնս են լուծում ստվերի ապահովման, խոնավեցման, փոշեկլանման խնդիրները։ Սաղարթախիտ ծառեռը նաև ավելի շատ թթվածին են արտադրում։
Ճիշտ է անկախության տարիներին այդ ծառերը սխալ խնամքի, կամ ավելի շուտ խնամքի բացակայության, որոշ դեպքերում՝ հատկապես քաղաքի կենտրոնում դրանց միտումնավոր վնասման պատճառով (որպեսզի հետագայում կանաչապատ տարածքը վերածեն առևտրի կամ սննդի օբյեկտի) գրեթե չորացել են։ Բայց եթե քաղաքապետարանը ուզում էր չորացած ծառերը փոխարինել նորերով, պետք է առաջնորդվեր արդեն առկա գիտական փորձով և դրա հիման վրա մշակված չափանիշներով, այլ ոչ թե տուրք տար սեփական ճաշակին և էկզոտիկ նախասիրություններին։
Իսկ եթե իրոք միջազգային լավագույն փորձն էին ուզում ընդօրինակել, ապա պետք էր ուսումնասիրել Երևանի նման կլիմայական պայմաններ ունեցող քաղաքների փորձը՝ օրինակ Թեհրանի։ Թեհրանը նույնպես չոր, փոշոտ և շոգ ամառներ ունեցող քաղաք է և որպեսզի ծառի ստվերը մաքսիմում մեծ տարածքներ ծածկի՝ նախ ընտրվում են սաղարթախիտ ծառատեսակներ և ծառատունկը իրականացվում է թեք եղանակով։ Հաշվի առնելով չոր և շոգ կլիման ծառերի կանաչ սաղարթը մաքսիմալ երկար պահպանելու համար ոռոգումը իրականացվում է ծառերի տակ փորված արհեստական առուների միջոցով, որոնց միջով ցիրկուլյացիոն համակարգով անընդհատ ջուր է հոսում»։
Հայկ Գրիգորյան