Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ կրթական հաստատությունների հետ սկսել է դպրոցականների համար իրականացնել հայկական կինոժառանգությանն առնչվող նախագծեր։ Նախաձեռնության նպատակն է դպրոցականների մոտ հետաքրքրություն առաջացնել ազգային կինոժառանգության նկատմամբ, ոչ միայն ծանոթացնել, այլև հնարավորություն տալ նրանց նորովի՝ 21-րդ դարի ընկալումներին և պատկերացումներին համահունչ , ստեղծել նոր գործեր՝ հիմքում ունենալով հայրենական կինոժառանգության նմուշները։ Սա յուրօրինակ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես է հայկական վաղ շրջանի կինոն կամ առհասարակ Հայ կինոն ընկալվում և մեկնաբանվում այսօր։
Այս առիթով Հայաստանի ազգային կինոկենտոնի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել գիտակրթական, մշակութային-ժամանցային ծրագրեր․ աշակերտները կծանոթանան հայկական դասական կինոարվեստին և կստեղծեն իրենց սեփական կինոարտադրանքը։ Երկու կառույցների ղեկավարները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Դավիթ Սահակյանը կարծում են, որ Հուշագրի վավերացումը բխում է հենց երկու կառույցների շահերից՝ ընդլայնելով գործակցության հնարավորությունների շրջանակը։
«Դպրոցը յուրաքանչյուր երկրում իր կրթական առաքելությամբ իրականացնում է նաև մշակութային ժառանգության զարգացումն ու փոխանցումը։ Այս համատեքստում Հայ կինոն նույնպես դիտարկում ենք որպես մեր ինքնության ու մշակույթի ուրույն մասը, իսկ հարյուրամյակը լավ հնարավորություն է այդ առաքելությանը ծառայելուն»,- նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։ Ազգային կինոկենտրոնի տնօրեն ՇուշանիկՄիրզախանյանի դիտարկամբ էլ երեխաների հետ աշխատելը ոչ միայն հաճելի է ու հեռանկարային, այլև այն թարմ գաղափարներ, նոր լիցքեր ստանալու և զարգացնելու հիանալի առիթ է։
Հուշագրի համաձայն համագործակցությունը իրականացվելու է հետևյալ ուղղություններով․ «Այբ» դպրոցի դահլիճում իրականացվելու են ֆիլմերի բաց և փակ ցուցադրություններ, դպրոցի սաները ստեղծելու են կրթական խաղեր, աջակցելու են Վիքիպեդիայի նյութերի խմբագրմանը և թարգմանությանը, աշակերտները ստեղծելու են գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված հայկական ֆիլմերի մասին փոդքաստների շարք, նաև սոցիալական հարթակների համար պատրաստելու են տեղեկատվական հոլովակներ։ Բացի այդ, կազմակերպվելու է «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակում ֆիլմարտադրության և «Արվեստանոց» ակումբների ստեղծած արտադրանքի՝ ֆիլմերի և պոստերների ցուցադրություն։
Համագործակցության շրջանակում հայկական կիոնարվեստի մասին ստեղծված ողջ բովանդկաությունը տարածվելու և ներկայացվելու է հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում:
Աշակերտներին բովանդակության հարցում խորհուրդներով աջակցելու են Ազգային կինոկենտրոնի մասնագետները:
Հայաստանի ազգային կինոկենտրոն
«Այբ» դպրոց