ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որով պատասխանատվություն կսահմանվի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ համագործակցության համար, գրում է BBC-ն։ Հիշեցնենք, որ ՄՔԴ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել ուկրաինացի երեխաներին արտաքսելու համար։
«Առաջին հերթին անհրաժեշտ է փոփոխություններ մշակել օրենսդրության մեջ, որն արգելում է ՄՔԴ-ի ցանկացած գործունեություն մեր երկրի տարածքում, ինչպես նաև պատասխանատվություն նախատեսել ՄՔԴ-ին աջակցելու եւ համագործակցելու համար», գրել է Վոլոդինն իր Telegram ալիքում: «Երկրորդ. Կարևոր է կազմակերպել աշխատանքը բարեկամական երկրների հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ՝ նախատեսելով փոխադարձ հրաժարում ՄՔԴ-ի հետ համագործակցությունից և աջակցությունից»։
Պուտինը վերջին շրջանում գրեթե չի լքում Ռուսաստանը, իսկ հազվադեպ այցերը տեղի են ունենում «բարեկամական» երկրներ։ Չի բացառվում, որ Վոլոդինի նախաձեռնությունը Կապված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հետ, որը երեկ ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։
Այս որոշմանն անմիջապես արձագանքել է Կրեմլը․ «Մոսկվան Երևանի հետ չի քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչումը, որը ձերբակալության օրդեր է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային»։ Այս մասին Rise տելեգրամ ալիքին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե Երևանը հստակեցրել է իր դիրքորոշումը, Պեսկովն ասել է. «Դեռ ոչ: Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ», տեղեկացնում է RBC-ն, որն իր հրապարակումը վերնագրել է «Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության հավանականությունը»։
Հայաստանն անկասկած մտնում է ՌԴ «բարեկամական երկրների» մեջ, որոնց հետ, ըստ Վոլոդինի՝ ՌԴ-ն պետք է համաձայնագիր կնքի ՄՔԴ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։ ՀՀ ՍԴ որոշումը խթանում է դրա անհրաժեշտությունը։ Տվյալ պարագային, խնդիրը միայն Պուտինի ձերբակալությունը չէ, այլ նախեւառաջ՝ դաշնակից «Ադրբեջանին» ՄՔԴ-ի պատժից զերծ պահելը։ Անկասկած, Նիկոլի ստորագրությամբ։ Այս պարտավորությունը նույնպես կարձանագրվի «խաղաղ պայմանագրում»։