Հայանպաստ լուծումներ հնարավոր են, եթե ազգովի դիմադրում ենք

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը

-Հարց- Պարոն Ավետիսյան, ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին ու ի՞նչ պետք է անենք:

-Պատասխան- Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կլանելու երկու սցենար կա 1) Առկա ռուս-թուրք-ադրբեջանական (կամ կոլեկտիվ թուրանական), 2) Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի զավթման: Այս երկրորդը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով 1) ռազմական՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան հերթականությամբ և 2) ոչ ռազմական՝ Ադրբեջանը 1920 թվականի մուսաֆաթական ձեռագրով ընդառաջ գնա Ռուսաստանին և իր կամքով մտնի ԵԱՏՄ ու ՀԱՊԿ:
Մեզ համար լուծումը բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով դիմադրությունն է, որի պարագայում հաստատապես կստանանք նաև Արևմուտքի աջակցությունը:

Ամբողջ ժողովուրդը՝ բանակ, երիտասարդություն, համայքներ, առանձին շրջանակներ ու անհատներ, պետք է դուրս գան թմբիրից ու պատրաստ լինեն դիմադրության:

Ռուս-ուկրաինական պատերազմով և հարակից զարգացումներով պայմանավորված աշխարհաքաղաքական վայրիվերումներն Ադրբեջանին հույս են տալիս ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հասնելու իր առաջնահերթ նպատակներին կամ թեկուզ ընդհուպ մոտենալու դրանց:

Այդ նպատակներից կարևոր են՝ Հայաստանին պարտադրել ճանաչելու Խորհրդային վարչական սահմանները որպես պետական, հրաժարվել Արցախից, ինչպես նաև լուծարելու և զինաթափելու Արցախի ՊԲ-ն , ապա նաև՝ բնակչությանը:

Ադրբեջանն ակնհայտորեն շտապում է, քանի որ առնվազն միջնաժամկետ հեռանկարը նրա համար խոստումնալից չէ արտաքին ու ներքին առումներով:

Բայց, եթե մենք ձեռքներս ծալած նստենք ու սպասենք այդ հեռանկարին, ապա կարող ենք ցեղասպանվել և կորցնել պետականությունը:

Ուստի դիմադրությանն այլընտրանք չկա:

-Հարց- Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայով և պատերազմական ճակատում ռուսական կողմի պարտությամբ պայմանավորված՝ արտաքին քաղաքական դաշտում ինչ նոր վերադասավորումներ են սպասվում և դրանք ինչպե՞ս կարող ենք պրոյեկտվել մեր տարածաշրջանի վրա: Հնարավո՞ր են շրջադարձային փոփոխություններ հայ-ադրբեջանական ճակատում, Արցախի հարցում:

-Պատասխան- Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն ու ելքը պայմանավորված են երկու հիմնական փոխկապակցված գործոններով. 1) Ռուս-ուկրաինական ռազմական հաշվեկշիռ, որն առավելապես կախված է Ուկրաինային տրվող օգնությունից և 2) Ռուսաստանի ներքին կենսունակությունից:

Մեզ հասանելի տեղեկույթից և դրանից ենթադրվող զարգացումների միտումներից կարող ենք եզրակացնել, որ պատերազմը դեռևս կձգձգվի մինչեւ առնվազն կարճաժամկետ, մեծ հավանականությամբ՝ միջնաժամկետ հեռանկար: Ուստի մեր կանխատեսումներն ու պլանավորումը օպետք է լինեն այդ հանգամանքի հաշվառմամբ:

Արտաքին քաղաքական ասպարեզում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական ճակատում, մասնավորապես՝ Արցախի հարցում, մեծ վերադասավորումների սցենարային նախադրյալներ են հասունանում, միտումներ են ձևավորվում:

Սակայն դրանցից հայանսպաստ և Հայաստանանպաստ տարբերակները կարող են միս ու արյուն ստանալ միայն այն դեպքում, երբ հայությունը և ապա նաև Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կդիմադրեն և կդրսևորեն սուբյեկտային վարքագիծ:

Հակառակ պարագայում, նույնիսկ Հայաստանի համար արտաքին դեպքերի ամենադրական զարգացման սցենարները մեզ չեն տալու կենսունակ և ապագա ունեցող պետություն:

Մենք ընդամենը կվերածվենք հետագա ցեղասպանության վտանգից փրկված, բայց զարգացման ու կենսունակության հեռանկարից զրկված ու ընդամենը մի քանի տասնամյակում խաղաղ ու դանդաղ մահվան դատապարտված մի ժողովրդի, որ թերևս մարդկության համար կդառնա պատմական բոլոր հնարավորությունները և ճակատագրի բոլոր նվերները մսխելու և իր փառավոր անցյալը թաղելու բացառիկ ու բացասական օրինակ:

Շարունակելի…

ՀԳ Տեղեկացնում ենք, որ Բևեռի մամուլի ծառայության հարցերին պարոն Ավետիսյանը պատասխանել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին, սակայն առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հարցերի պատասխանները հնարավոր է եղել փոխանցել օրերս: