Ժամանակն է մաս կազմելու ազատագրական պայքարին և տեր կանգնելու Հայրենիքին ու մեր ճակատագրին. Ժիրայր Սեֆիլյան

Հարց
Պարոն Սեֆիլյան, ես հենց այսօր լսեցի, որ դուք ասում եք, որ ակնկալում եք, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կթուլանան, և դա հնարավորություն է բացում Հայաստանի Հանրապետության համար ոտքի կանգնելու, կցանկանայի՞ք մանրամասնել։

Պատասխան
Ռուսաստանը և Թուրքիան անցյալի կայսերական մնացորդներ են։
Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր է որպես Արևմուտքի դեմ դաշնակից։ Վերջին շրջանում Ռուսաստանի համար երկու պատճառով Թուրքիայի կարևորությունը շատ է մեծացել։
Նախ՝ Ռուսաստանի համար հեռանկար է բացվել արևելքից դեպի արևմուտք նախատեսվող «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական ռազմավարական ծրագրի մաս կազմելու և դրա շրջանակներում Թուրքիայի հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։ Ապա նաև՝ Ռուսաստանը տեսնում է, որ թուլացել է և միայնակ չի կարող դիմակայել Արևմուտքին, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ուստի ձգտում է դաշնակցել Թուրքիայի հետ և իր ազդեցությունը Արևմուտքին զիջելու փոխարեն այն կիսել Թուրքիայի հետ և նույնիսկ զիջել նրան, քանի որ հույս ունի, թե հետագայում, եթե հզորանա, կարող է դուրս մղել Թուրքիային, մինչդեռ նույնը չի կարող անել Արևմուտքի պարագայում։
Իր հերթին՝ Թուրքիայի գոյությունն Արևմուտքի համար իմաստ ունի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան պիտանի է նրան Ռուսաստանին զսպելու և հակակշռելու համար։
Ի դեպ՝ Թուրքիան մինչ օրս վարպետորեն օգտագործել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խաղալու այս հնարավորությունը։
Հատկապես վերջին հարյուրամյակում մեր գլխին եկած բոլոր աղետների հիմնական արտաքին ակունքն այս աշխարհաքաղաքական հանգույցի մեջ է։
44-օրյա պայմանավորված պատերազմը, Արցախի զավթումն ու կիսումը, Սյունիքը միջանցքի վերածելը, Հայաստանը առնվազն փաստացի ինքնիշխանությունից զուրկ վարչական տարածք դարձնելն այս հանգույցից բխող հերթական գործընթացն է։
Սակայն ներկայումս Ռուսաստանը չափից շատ է թուլացել և այլևս չի կարող գոյատևել որպես գլոբալ ուժ և պահպանվել որպես կայսրություն իր տարածքով ու կառավարման համակարգով հանդերձ։
Ուկրաինայի դեմ նրա ագրեսիան վերջին հուսահատ քայլ էր, որն ավարտվելու է Ռուսաստանի կատարյալ ջախջախմամբ, մասնատմամբ, միջուկազերծմամբ և ապակայսերականացմամբ։
Զուգահեռաբար՝ Արևմուտքի համար Թուրքիան դառնում է բացարձակապես անպիտան ու վտանգավոր մի բեռ, որից ազատվելը՝ Ռուսաստանին չեզոքացնելուց հետո, կլինի Արևմուտքի կարևոր խնդիրներից մեկը։ Արևմուտքն ըստ էության առնվազն Իրաքյան առաջին պատերազմից հետո պատրաստվում է դրան, իսկ վերջին շրջանում արդեն ոչ միայն հստակեցնում է իր ռազմավարությունը, այլև գործնական քայլեր է կատարում այդ ուղղությամբ։
Ի հակադրություն արևելքից դեպի արևմուտք ձգվող չինական ծրագրի, ԱՄՆ-ն և նրա գլխավորությամբ կոլեկտիվ Արևմուտքը նախաձեռնել են այլընտրանք՝ Հնդկաստան-Իրան-Եվրոպա «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, որը, Ռուսաստանին չեզոքացնելու խնդիրը լուծելու նպատակով պետք է անցնի Հայաստանով ու Վրաստանով։
Սա մեր երկրի ռազմավարական հեռանկարն է, որ հնարավորություն է տալու ապահովել ինքնիշխանություն, անվտանգություն, բազմամիլիարդ ներդրումների ու տեխնոլոգիական ներհոսքի վրա հիմնված թռիչքային տնտեսական զարգացում։
Բացի այդ, այս հեռանկարը, խաչվելով Թուրքիային չեզոքացնելու ԱՄՆ-ի պլանի հետ, էապես մեծացնելու է Հայաստանի ու Հայկական գործոնի դերը, ապագայի համար իրական հնարավորություն է ստեղծում վերարծարծելու Հայկական հարցի լուծման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին համապատասխան։ Գաղտնքի չէ, որ Թուրքիայի դեմ ավելի արդյունավետ ու լեգիտիմ լծակ ԱՄՆ-ն չունի։

Հարց
Երբ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը երեք տասնամյակ առաջ, մենք տեսանք, որ սփյուռքահայ պատմական կուսակցությունները վերադարձան Հայրենիք, բայց մենք հազվադեպ ենք լսել, որ հանրապետության ներսից տեղական հայկական կուսակցությունները նույնպես փորձում են իրենց ներկայությունը հաստատել Սփյուռքում, բայց այսօր մենք. Նկատում ենք, որ Ազգային Ժողովրդավարական Բեվեռը աջակցություն է ստանում նաև հայկական սփյուռքում, ինչպե՞ս եք բացատրում այս երևույթը.

Պատասխան
Հայաստանն անկախ է միայն ձևական առումով, այսինքն՝ դե յուրե։ Իսկ փաստացի՝ դե ֆակտո, Հայաստանը Ռուսաստանի կիսագաղութ է և ռազմավարական մակարդակում զավթված։ Ուստի Հայաստանում դասական իմաստով չեն կարող ստեղծվել ու գործել կուսակցություններ։ Մինչ օրս Հայաստանում առկա կուսակցությունների գերակշիռ մասը ռուսական ազդեցության տակ է, իսկ մնացածն էլ չկայացած խմբակներ են։
Նման իրավիճակում կուսակցությունների միջոցով դասական քաղաքական գործունեությունը բացառված է։ Կարող է լինել միայն ազգային-ազատագրական պայքար, ինչով էլ զբաղված է Ազգային-ժողովրդավարական բևեռը։
Ազգային-ժողովրդավարական բևեռը կուսակցություն չէ, այլ անհատ գործիչների ու քաղաքացիների վերկուսակցական համախմբում։
Բևեռը մարտավարական նպատակներով ձևական-իրավական դաշտում պաշտոնական հարաբերությունների հնարավորություն ունենալու համար ստեղծել է նույն անվամբ կուսակցություն, սակայն որպես քաղաքական ուժ հանդես չի գալիս դրա միջոցով, այլ օգտագործում է այն զուտ որպես գործիք։
Եվ, ինչպես վերը նշվեց, քանի որ Հայաստանում գործող այսպես կոչված կուսակցությունները ընդունել են ռուսական գաղութային համակարգի թելադրանքը, նրա պայմաններն ու կանոնները, ապա դրանց համաձայն ձեռնպահ են մնում Սփյուռքում հայությանը համախմբելու և Հայրենիքի գործերին իրազեկ ու մասնակից դարձնելու քայլերից։
Մինչդեռ մեզ համար կա Հայաստանն ազատագրելու գերնպատակ և այդ պատճառով մենք ամեն ինչ անում ենք Սփյուռքին ներգրավելու համար։ Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է և բոլոր հայերն իրավունք, եթե կուզեք՝ պարտականություն ունեն մասնակցելու Հայաստանի գործերին, այդ թվում՝ ընտրելու և ընտրվելու՝ որպես քաղաքացի ու քաղաքական ներկայացուցիչ։
Միևնույն ժամանակ՝ մենք Սփյուռքում չենք հետապնդում տեղական, համայնքային օրակարգեր։ Այդ իմաստով մենք հակասություն չունենք Սփյուռքում գործող ավանդական կառույցների հետ։

Հարց
Հատկանշական է նաև, որ Ազգային Ժողովրդավարական Բեվեռը գրավում է տարբեր գաղափարախոսական ուղղություններով և ծագմամբ համակիրներ, կարծես թե վայելում է բազմազանություն՝ ԱԺԲ-ում ակտիվ են և՛ ձախ սոցիալիստները, և՛ աջ ազգայնականները, ոչ միայն գաղափարական մակարդակով, նաև արևմտյան երկրների հայերը։ իսկ Մերձավոր Արևելքը նույնպես կարծես հետաքրքրված է ԱԺԲ -ով, ո՞րն է այս հմայքի գաղտնիքը, ըստ Ձեզ

Պատասխան
Ինչպես արդեն նշեցի, մենք ազգային-ազատագրական պայքար ենք մղում և դասական կուսակցություն չենք, այլ ներկայացնում ենք Հայաստանի ազատագրության ծրագիր ու պայքարում ենք հանուն դրա իրագործման։
Ինչպես Սարդարապատում միմյանց հետ ուս-ուսի կռվում էին տարբեր կուսակցությունների ու հայացքների պատկանող հայեր ու հայաստանցիներ, այնպես էլ մեր պարագայում համախմբվում են բոլոր նրանք, որ հետապնդում են Հայաստանի ազատագրության նպատակը։
Կգա ժամանակ, երբ Հայաստանը կազատագրվի ու մեզանից հավանաբար նաև կծնվեն ինքնուրույն կուսակցություններ։
Իսկ առայժմ Սարդարապատ է և պետք է գործել Սարդարապատի տրամաբանությամբ ու կանոններով։
Հարց
Հայ երիտասարդ սերունդն այնքան էլ շահագրգռված և մոտիվացված չէ քաղաքականությամբ զբաղվելու համար, ունե՞ք որևէ ասելիք և դիմել Հայաստանի երիտասարդ սերնդին.
Պատասխան
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կա երիտասարդության քաղաքական հասունության և ակտիվության պրոբլեմ։
Դրա պատճառների վերաբերյալ կան գիտական բացատրություններ, սակայն չեմ ցանկանում ծանրաբեռնել ընթերցողին և կխոսեմ միայն մեր երիտասարդության պասիվության առանձնահատուկ պատճառի մասին։
Այդ պատճառը մեկն է՝ Հայաստանը զավթված է և զավթիչ Ռուսաստանն իր տեղական խամաճիկների հետ միասին երեք տասնամյակ շարունակ հիբրիդային քարոզչական պատերազմ է վարել մեր ժողովրդի, հատկապես՝ նրա մատաղ սերնդի դեմ։ Նրանք եղծել ու պղծել են պատմությունը, քայքայել են կրթությունն ու գիտությունը, հատուկ հակակրանք են սերմանել քաղաքականության նկատմամբ, արգելափակել են երիտասարդներին ճշմարտությունը հասցնելու գրեթե բոլոր հնարավորություններն ու փորձերը։
Մեր երիտասարդներին կհորդորեմ գիտակցել այս իրողությունը և տիրոջ համաձարկությամբ ոտքի ելնել ու վերցնել ազգային-ազատագրական պայքարի դրոշը։
Հարց
Ցանկանու՞մ եք դիմել սփյուռքահայերին, ԱԺԲ-ն կարծես տարբեր աստիճանի համակրանք ունի, երբեմն դժգոհություն, երբեմն դրական, որոշակի ուղերձ ունե՞ք Սփյուռքի հայ երիտասարդությանը, ով ակտիվ և ներգրավված է ազգային գործով:
Պատասխան
Ազգային-ժողովրդավարական բևեռը որևէ մեկի սեփականությունը չէ, այլ ազգային-ազատագրական շարժումը գլխավորող քաղաքական ուժ է։
Ուստի որքան շատ հայրենասեր ու լավ մարդիկ մաս կազմեն նրան, այնքան այն ավելի լավ ու հզոր կլինի։
Մեր հայրենակիցներին կոչ կանեմ հաշվի առնել, որ Հայաստանը կանգնած է լինել-չլինելու ճամփաբաժանին։ Հայաստանին տեր կանգնելու դեպքում կունենանք փայլուն ապագա և կիրագործենք մեր նախնիների ու մեր բոլոր երազանքները, մինչդեռ անմասն մնալու պարագայում այս եղածն էլ կկորցնենք ու կմնանք անհայրենիք։
Ժամանակն է, վերջապես, մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և մասնակցային ու նյութական առումներով քաղաքական ներդրում կատարել Հայաստանում և առաջին հերթին ստեղծել ազգային գլուխ՝ ազգային իշխանություն։ Առանց դրա տնտեսական, բարեգործական և այլ բնույթի բոլոր ներդրումներն անիմաստ են։ Տեսանք, թե ինչպես թշնամուն մնացին Արցախում ներդրված ջանքերն ու միլիարդները։
Ժամանակն է մաս կազմելու ազատագրական պայքարին և տեր կանգնելու Հայրենիքին ու մեր ճակատագրին։

Հարցազրոյցը վարեց Պետրոս Մանուկեանը