Կարծես թե դարակազմիկ փոփոխությունների տեսլականն է կախված օդում և օրեցօր ավելի է մոտենում մեզ, մենք էլ, շունչներս պահած, օրեցօր ավելի շատ ենք սպասում նրան: Փլվում է կայսրությունն իր դարն ապրած համակարգի հետ մեկտեղ: Նոր աշխարհակարգ է ստեղծվում` նոր մեխանիզմներով և կարգերով:
Երբ կփլվի մի կայսրությունը, իր հետևից կտանի նաև իր սիամական երկվորյակին: Կտանի, քանզի կապված են մի կյանքի թելով: Կփլվի տարածաշրջանային ճարտարապետությունն իր ապօրինի պայմանագրերով, քաղաքական կապերով ու նվաճողական ցեղասպան քաղաքակրթությամբ: Կքանդվի տարածաշրջանի ճարտարապետությունը, և կբացվեն նոր դռներ և հնարավորություններ շրջակա քաղաքակիրթ ազգերի համար:
Որտե՞ղ կլինի հայությունն այդժամ: Ո՞ր բարձունքներից կնայի աշխարհին. Կրեմլի պատշգամբի՞ց, թե՞ Եռաբլուրի բարձունքից` հայացքը հառած դեպի մեզ լույս տվող Մասիս լեռը:
Ի՞նչ հայացքով կնայի այդ աշխարհին. բոլշևիկ Անաստաս Միկոյանների՞, թե՞ մեզ լույս ու հույս բերած, հայկական պետությունը վերածնած Գարեգին Նժդեհների և Արամ Մանուկյաների:
Ի՞նչ կեցվածքով կդիմավորենք նոր աշխարհը. հանձնվողական և դիմադրությունից զուրկ կարգավիճակո՞վ, թե՞ կցուցաբերենք միասնական սարդարապատյան վճռականություն, դրանով իսկ արժանանալով աշխարհի աջակցությանը՝ այնպես, ինչպես այս օրերին արժանանում է ուկրաինացի ժողովուրդը:
Այս հարցադրումների պատասխաններից է կախված` կմնանք մենք թշվառ գաղութային վիճակո՞ւմ, թե՞ կգնանք դեպի մեր քաղաքական ու քաղաքակրթական արմատներն ու դեպի մեզ տրված իրավունքները և վաստակած հայոց պետականությունը: