Բաքու՝ 1990 թ. հունվարի 13-ին Կրեմլը Բաքվում հրահրեց հայ բնակչության կոտորածներ։ ԽՍՀՄ զինված ուժերի, պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ու Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մարմինների աչքի առջև Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր, տասնյակ հազարներն էլ ապրեցին ջարդերի սարսափը։
Կրեմլը լուռ ու անտարբեր հետեւում էր ադրբեջանցիների գազանություններին։ Հունվարի 19-ին, երբ ջարդարարների ամբոխը դարձավ անկառավարելի, հնչեցին հակախորհրդային, հակառուսական ու Ադրբեջանի անկախության կոչեր, զինված հարձակումներ եղան իշխանության տեղական մարմինների ու զորամասերի պահեստների վրա, միայն այդ ժամանակ Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ զորք մտցրեց Բաքու:
Գործողությունը համակարգում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Հետո նա խոստովանեց, որ զորքերը Բաքու են մտցվել ոչ թե հայերին պաշտպանելու, այլ Ադրբեջանի Ժողճակատի կողմից իշխանությունը զավթելու փորձը կանխելու համար։
Պատմաբան՝ Արշալույս Զուրաբյան