ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. ԱՐԴՅՈՔ Ո՞ՐՆ ԷՐ ՀԱՅԱԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՊԱՏՃԱՌԸ

Արդյոք ո՞րն էր մեր 1918-20թթ հանրապետության կորստի պատճառը: Պատճառը մեկը չէ, բազմաթիվ են պատճառները, և միշտ էլ այդպես է լինում՝ այդ օրերի աշխարհաքաղաքական զարգացումներից, ընթացքից սկսած մինչև մեր ներքին ազգային կազմակերպվածքից դուրս գալով:
Ես միշտ շատ եմ հետաքրքրվել այդ ժամանակաշրջանով և վերջերս եկել եմ այն եզրակացության, որ մեր հանրապետության կորստի գլխավոր պատճառը եղել է մեր ժողովրդի՝ այդ հայտնի երկընտրանքի մեջ ընկած լինելը առնվազն երկու-երեք հարյուր տարի, այդ դավադիր երկընտրանքը՝ ռո՞ւս, թե՞ թուրք, թո՞ւրք, թե՞ ռուս:
Եվ երբ հիշում ենք 1918-20 թթ., 1917-ի հեղափոխությունը արդեն տեղի է ունեցել, այդ հեղափոխության գաղափարները քաղաքական էլիտայի մեջ խորապես նստած են եղել, և պարզ է, որ այդ դավադիր երկընտրանքից մեր ժողովուրդը փորձել է ընտրել ռուսական կողմը, քան թուրքականը՝ չհասկանալով, որ նույնքան թշնամի է եղել Կրեմլը, որքան թուրքական պետությունը. դա լինի թե՛ ցարի ժամանակ, թե՝ սովետմիության:
Այդ օրերը ուսումնասիրողները կնկատեն, թե այդ ժամանակ Արևմուտքը ինչպես է փորձել օգնել մեզ: Այստեղ գլխավոր խաղացողը այդ ժամանակ անգլիացիներն էին, որոնք քիչ բան չեն արել, որ մենք ոտքի կանգնենք: Սակայն նրանք վերջում հասկացել են, որ հայ ժողովրդի մոտ անհասկանալի և ստորացուցիչ ռուսամոլության առկայությամբ նրանք երբեք չեն կարող մեզ հետ գործակցելով՝ համատեղ շահեր պաշտպանել: Գլխավոր ներուժը՝ ինքնիշխան պետություն ստեղծելու, մենք չենք ունեցել, այդ պատճառով դրսի բոլոր օգնությունները նպատակին չեն հասել, ինչպես այս անցած 30 տարիների ընթացքում:
Ես կուզեի, որ մեր երիտասարդության քաղաքական գիտակցության մեջ այս լույսը բացվեր, և գերիշխեր գիտակցությունը, որ եթե մենք էրդողանյան թուրքական պետությունը և պուտինյան ռուսական պետությունը որպես համահավասար չարիքներ չընդունենք, մեզ չի հաջողվելու ինքնիշխան պետություն ստեղծել: