«Խորհրդային Հայաստան» նախագիծը Հայոց նոր ցեղասպանության ճանապարհն է 107 տարի է անցել ժամանակակից Թուրքիայի օկուպացրած Հայաստանի արևմտյան տարածքների վրա հայոց ցեղասպանությունից: Հայությունը պահանջում է աշխարհից, որպեսզի տարբեր երկրներ և տերություններ ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, սակայն արդյո՞ք մենք ինքներս ճանաչել ենք ցեղասպանության խորքային պատճառահետևանքային կապը: Ստիպված եմ փաստել, որ ըստ էության, մենք` հայերս, լիարժեք չենք ճանաչել և դասեր չենք քաղել այդ մեծ ողբերգությունից: Չենք ճանաչել, քանզի չենք հասկացել, որ Մեծ Եղեռնի պատճառը դա հայկական պետականության բացակայությունն էր: Ինքնիշխան պետական համակարգի բացակայությունն էր: Չենք ճանաչել, քանզի արդեն 107 տարի է մենք մեր անվտանգությունը վստահում ենք Ռուսաստանին, որը չապահովեց իրեն վստահված անվտանգության մանդատը` խոստանալով մեզ աջակցություն, սակայն թողնելով մեզ թուրքական արանխում դահիճների դեմ միայնակ: Չենք ճանաչել, քանզի տեր չկանգնելով մեր իրավական սահմաններին, խաբված և մոլորված կրկնում ենք «29,8 հազ քառ. կմ սուվերեն տարածքների» մանտրան` չհասկանալով, որ «Խորհրդային Հայաստան» նախագիծը նոր Հայոց ցեղասպանության ճանապարհն է։ Չենք ճանաչել, քանզի գաղափարապես ղեկավարվում ենք ոչ թե ինքնիշխան և միացյալ Հայաստանի Հանրապետության հիմքային դրույթներով, այլ` պոպուլիստական կարգախոսներով և առօրեական կեղծ խոստումներով, մեր երկրի օրակարգը որոշող քաղաքականությունը վերածելով խոհանոցային և փողոցային այլասերվածության: Չենք ճանաչել, քանզի 30 տարի հանդուրժում ենք ցեղասպան և հակապետական համակարգի խամաճիկներին, հատկապես ներկայիս ռուս-թուրքական գործակալ թշնամի Փաշինյանին, որը երկիրը հասցրեց փլուզման և նոր ցեղասպանության շեմին: Մենք ինքներս չենք ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, քանզի հասցրել ենք մեր երկիրն այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետության մարզ Արցախի հայությունը լիակատար շրջափակման մեջ է և նոր ցեղասպանության վտանգի առջև: Փաշինյան-Պուտին-Էրդոհան-Ալիև քառյակը` ավարտում է 1915 թվականի ցեղասպանության գլխավոր կազամակերպիչներ Թալեաթ փաշա-Ջեմալ փաշա-Էնվեր փաշա-Բեհաեդդին Շաքիր քառյակի գործը: Սասունին, Վանին հաջորդում են Շուշին, Քարվաճառը և Հադրութը, որից հետո հերթը կհասնի Ստեփանակերտին, Կապանին և Երևանին: Թե՞ հայ ժողովրդի գիտակից հատվածը կհամախմբվի և ռուսական չարիքի կայսրության անկման հետ զուգահեռ` նոր Սարդարապատում հաղթանակ կտանի և դեպի անդունդ գնացող իր պատմության անիվը հետ կշրջի։ Քայլը ժողովրդինն է:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ