Փետրվարյան ապստամբության 104 ամյակի առթիվ

Թշնամին մեզնից ավելի լավ է գիտակցում, որ պարտություններից հետո հանուն արժանապատիվ կյանքի պայքարը շարունակելու եւ դիմադրելու կամքը հայության մեջ բազմաթիվ անգամներ է հարություն առել , ուստի պետք է զրկի դա սնող արժեքներից, այդ թվում ամեն ինչ անի արժեզրկելու համար պատմության սրբագործված իրադարձությունների ոգեկոչումը։
Այդ նպատակով նա 1921թ․ փետրվարյան ապստամբությունը, ինչպես որ խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում բոլշևիկները, փորձում է ներկայացնել որպես անիմաստ արկածախնդրություն, որը դատապարտված էր պարտության։
Սակայն ապաստամբության երկարաժամկետ հետևանքները հակառակն են ապացուցում։
Շնորհիվ 1921 թ. փետրվարյան ապստամբության և Նժդեհի գլխավորած Սյունիքի ինքնապաշտպանության
1. Հայաստանի կազմում պահպանվեց Սյունիքը։
2. Շնորհիվ Սյունիքի պահպանման Հայաստանը հետագա խորհրդային յոթանասուն տարիների համար ստացավ ոչ թե Թաթարստանի կամ Չեչնիայի կարգավիճակ, այլ միութենական հանրապետության, որը 1990 – ականներին թույլ տվեց նրան նվազագույն կորուստերով վերստանալ միջազգային իրավունքի սուբյեկտի իր ներկա կարգավիճակը:
3. Փետրվարյան ապստամբության շնորհիվ բանտերից և հալածանքներից ազատվեցին պետական, հասարակական, քաղաքական, մտավորական գործիչներ, մարտական առաջնորդներ, որոնք փրկվեցին վերահաս մահից։ Իրան անցած և փրկված մոտ տասը հազար առավել հայտնի գործիչների թվում էին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Ալեքսանդր Թամանյանը, բազմաթիվ այլ ՝ լեգենդար մարդիկ, որոնց շնորհիվ թե՛ Խորհրդային Հայաստանում, թե՛ Սփյուռքում պահպանվեցին ազգային հիշողությունը և ստեղծագործականությունը, որոնց շնորհիվ ստեղծվեցին Երևանը, Սփյուռքի կառույցները, մամուլը, գրականությունը։
4. Իսկ 1946 թ․ հնարավոր դարձավ փրկված Ազգային հիշողության մասնակի հայրենադարձությունը, որն իր հերթին հիմք հանդիսացավ 1960 ականների հետստալինյան ազգային վերածննդի համար, որն էլ հանգեցրեց 1990 ականների Արցախյան շարժմանը և անկախության վերականգնմանը։
Այո, հարյուր տարի անց մեր մեջ նորից նեոբոլշևիկներ են հայտնվել։ Նորից ուզում են զրոյից սկսել իրենց «ապագայի» կառուցումը։ Նորից ուզում են զրկել պատմությունից, Արարատից, ազգային ինքնությունից՝ տեղը լցնելով տնտեսական բարեկեցության և «ժողովուրդների բարեկամության» սին խոստումներով։ Նրանց կարծիքով աշխարհակարգի փլուզման այս օրերին, երբ համաշխարհային և տեղական մամուլի ուշադրությունը կենտրոնացած է վերջինիս վրա, խոսել 1921 թ. Հայաստանում փետրվարյան ապստամբությունից անիմաստ գործ է։
Եվ այնուամենայնիվ, հենց այս օրերին է անհրաժեշտ խոսել և հիշել ազգային արժանապատվության պատմական ու իրական դասերը։ Ներկայումս կան երկու հոգեբանական ծուղակներ, որոնցից խուսափելու դասեր է տալիս փետրվարյան ապստամբությունը։ Կարսի խայտառակ հանձնումից և Հայաստանի Հանրապետության բռնազավթումից, մասնատումից ու բռնակցումից հետո կարելի էր խաչ քաշել հայ ժողովրդի դիմադրության ոգու վրա, բայց ժողովուրդը իր մեջ ուժ գտավ անհնարին թվացող պայմաններում կանգնեցնելու Հայաստանի վերջնական կործանումը։
Ուրեմն երբեք չի կարելի ժողովրդին բարոյազրկող կոչեր և եզրահանգումներ անել։ Երկրորդ դասը՝ չընկճվել թշնամու գերազանցող ուժերից, քանի որ միշտ կա դիմադրելու հնարավորություն։ Մեծագույն անորոշությունների պայմաններում ծնվող նոր աշխարհակարգում շատ բան դեռ ձևավորման ընթացքի մեջ է։ Հենց այդ պայմաններում է, որ պետք է լինել զգոն և մարտահրավերներից ու վտանգներից ոչ թե կաթվածահար լինել, այլ դրանց ետևում տեսնել նոր հնարավորությունները և ըստ այդմ դիրքավորվել։ Իսկ հնարավորություններ կան, որոնք կապված են Մերձավոր Արևելքի փոփոխությունների, Հայաստանի հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի միասնական դիրքորոշումների, ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական աճող հակասությունների և քրիստոնեական համերաշխության նոր կարելիությունների հետ։
Սակայն ամենամեծ դասը, ի տես գոյաբանական վտանգի, ինքնակազմակերպվելու անհրաժեշտությունն է։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը լծված է այս հնարավորությունները իրականացնելուն։ Բոլոր ազգային ուժերին և արժանապատիվ հայրենակիցներին կոչ ենք անում միանալ պայքարին ու պատրաստ լինել ազգադավ կոլաբորացիոն ադմինիստրացիային հեռացնելու և ազգային անցումային կառավարություն ստեղծելու գործողություններին:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
18.02.2025
Երևան
Հնարավոր է սա 8 people նկարն է