Օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին Համաշխարհային պատերազմում
Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկավ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ստորագրվեց Մուդրոսի զինադադարը։
Փարիզի վեհաժողով
Պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր քննարկումները տեղի ունեցան Փարիզի վեհաժողովի ժամանակ՝ 1919—1920 թթ.։
Ելնելով վեհաժողովի որոշումներից, Օսմանյան կայսրությանը վերաբերող հարցերի խորը քննարկումը պետք է ի կատար ածվեր Սևրի պայմանագրի շրջանակներում։
Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 ապրիլի, 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը։ Ըստ այդմ՝ Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրիլի 26-ին պաշտոնապես դիմում հղեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին երկու իրարից անկախ խնդրանքով, որ.
- ա) Միացյալ Նահանգները ստանձնեն Հայաստանի մանդատը ։
- բ) ԱՄՆ նախագահը իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները :
Նշյալ հարցերն էապես տարբեր հարցեր էին, հետևաբար ունեին տարբեր հասցեատերեր և տարբեր իրավասությունների շրջանակներում էին։
Առաջին. մանդատի հարցով Փարիզի վեհաժողովը դիմում էր ԱՄՆ-ին՝ որպես պետության։ Նման խնդրանքի իրավական հիմքը Ազգերի լիգայի Կանոնադրության (Covenant) 22-րդ հոդվածն էր, համաձայն որի Ազգերի լիգայի անդամ-պետությունները կարող էին Ազգերի լիգայի անունից իրականացնել խնամակալություն (tutelage): Քանի որ այս հարցը վերաբերում էր միջազգային պայմանագրով ստանձնելիք պարտավորությանը, ուստի Միացյալ Նահանգների նախագահը, ըստ ԱՄՆ սահմանադրության, պիտի ստանար ԱՄՆ սենատի «խորհուրդն ու համաձայնությունը»։ Այսու, ԱՄՆ Սենատը, ոչ թե Կոնգրեսը, 1920թ. մայիսի 24-ից հունիսի 1-ը քննության առնելով Հայաստանի մանդատը ստանձնելու հարցը, քվեարկությամբ մերժեց այն։ Բուն պատճառն այն էր, որ ԱՄՆ Ազգերի լիգայի անդամ չէր, հետևաբար բացակայում էր այդ կազմակերպության անունից որևէ գործողություն կատարելու իրավական հիմքը։
Երկրորդ. Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն իրավարարությամբ որոշելու հարցը Սենատի լիազորությունների շրջանակում չէր, ուստի ԱՄՆ օրենսդիր մարմինը չէր կարող և երբևէ չի անդրադարձել այդ հարցին։ Միջպետական իրավարարությունը (international arbitration) միջազգային իրավունքի հարց է և կառավարվում է բացառապես միջազգային հանրային իրավունքով։ Հետևաբար, դեռևս Սենատի կողմից Հայաստանի մանդատի հարցի քննարկումներն սկսելուց 1 շաբաթ առաջ՝ 1920թ. մայիսի 17-ին, հայցադիմումի 2-րդ կետին Վիլսոնը տվել է դրական պատասխան և ստանձնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը։
Սևրի պայմանագիր
Սևրի պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ 1920 թվականի օգոստոսի 10-ին։ Ընդհանուր առմամբ ասած՝ Սևրի որոշումների համաձայն Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»։ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվում էին ընդունել Վ. Վիլսոնի գծած պետական սահմանները, որոնք անցնելու էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների տարածքով, ինչպես նաև պետք է ընդունեին Հայաստանի Սև ծովին ելք ունենալը Բաթումի միջոցով։ Փոքր ինչ մանրամասն այդ պայմանագրի մասին։ Հայտնի է, որ հայ ազգին և հայկական պետականությանը փոխհատուցելու համար Մեծ եղեռնին հաջորդած տարիներին Առաջին աշխարհամարտում մեզ դաշնակից պետությունները պատրաստել էին մի միջազգային փաստաթուղթ, որը հայտնի է Սևրի պայմանագիր անվամբ։ 1920 թ. օգոստոսի 10-ին այն ստորագրել են Ֆրանսիայի Սևր քաղաքում մի կողմից հաղթող պետությունները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից՝ պարտված պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Թուրքական Հանրապետությունը։ Այդ պայմանագրի 88-90-րդ հոդվածների տեսքով ներկայացված հայցադիմումի, ինչպես նաև պայմանագրին նախորդած Անտանտի` հաղթող տերությունների Սան-Ռեմոյի կոնֆերանսի 1920 թ. ապրիլի 26-ի հայցադիմումի համաձայն` ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց իրավարար վճիռ` Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ։
Այսպիսով՝ Սան Ռեմոյի (26.04.1920թ.), ինչպես նաև Սևրի (10.08.1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների։ Երկու օր անց՝ 1920թ. նոյեմբերի 24-ին, ԱՄՆ Նածագահ Վիլսոնի վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը։ Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ ՀՀ-ն, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց։
Վիլսոնի իրավարար վճիռ
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պաշտոնական ամբողջական անվանումն է հայերեն թարգմանությամբ` «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վճիռը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920 թվական։ Փաստաթղթի անգլերեն բնագրի վերնագիրը հետևյալն է. ։ Ի դեպ, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի այս իրավարար վճիռն ուժի մեջ մնում ցայսօր և պարտադիր է հետևյալ երկրների համար.
Հայաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո և, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]։
Ըստ Վիլսոնի իրավարար վճռի՝ թուրքական կողմը պարտավոր էր հայերին հանձնել Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքներից մի կտոր՝ 90 հազ. քառ. կմ ընդհանուր մակերեսով, որն ընդգրկում է Էրզրումի (Կարինի), Վանի, Բիթլիսի (Բաղեշի), Տրապիզոնի նահանգների զգալի մասը։ Մասնավորապես, Օսմանյան կայսրության Էրզրումի նահանգի ամբողջ 49.700 քառ. կմ տարածքից 40.000 քառ. կմ-ը, Վանի նահանգի ամբողջ 39.300 քառ. կմ տարածքից 20.000 քառ. կմ-ը, Բիթլիսի նահանգի ամբողջ 27.100 քառ. կմ տարածքից 15.000 քառ. կմ-ը, Տրապիզոն նահանգի ամբողջ 32.700 քառ. կմ տարածքից 15.000 քառ. կմ-ը[4]։ Այդուամենայնիվ, Թուրքական Հանրապետությանն ու «ինքնավար» Քրդստանին են մնում Մեծ Հայքի տարածքի մոտ 40%-ը, բացի այդ՝ Թուրքական Հանրապետությանն է մնում Փոքր Հայքի եւ Կիլիկիայի տարածքների 100%-ը[5][6]։
Ռուս–թուրքական ռազմաքաղաքական դաշինք՝ ընդդեմ Վիլսոնյան Հայաստանի
Քեմալական շարժում
Թուրքիայի ազգային շարժումը խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանրապետությունը։ Իսկ իրականում դա ազգայնական–ֆաշիստական շարժում էր։
Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին իրենց միջև բաժանել Օսմանյան կայսրության իրենց կողմից գրավված տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։
Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին։ Սակայն Անկարայում Քեմալ Աթաթուրքի կողմից գումարված Թուրքիայի Մեծ ազգային ժողովը հրաժարվեց վավերացնել այս պայմանագիրը և ծավալեց «անկախության պահպանման համար» պատերազմ, որի արդյունքում Հունաստանը զրկվեց իր պատմական փոքրասիական տարածքներից, Հայաստանը՝ Արևմտյան Հայաստանից, ավելի ուշ բոլշևիկների և քեմալականների միասնական գործողությունների պատճառով (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր)՝ Արևելյան Հայաստանի մոտ 26.000 կմ²ից։ Այդ համագործակցության արդյունքում Հայաստանից անջատվեցին նաև Նախիջևանը և Արցախը՝ հօգուտ Ադրբեջանի։
Ռուս–թուրքական դաշինքի ձևավորում
Քեմալական շարժման նոր թափ առնելուն նպաստում է քեմալականների մերձեցումը բոլշևիկների հետ, որոնք այդ ժամանակ արդեն գրեթե երկու տարի զավթել էին իշխանությունը Ռուսաստանում։ Քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված Ռուսաստանը գտնվում էր միջազգային քաղաքական մեկուսացման մեջ, ուստի փնտրում էր իր հետ դաշնակցելու ընդունակ ուժեր։ Դրանցից մեկն էր քեմալական շարժումը, որի պայքարը Արևմուտքի և մասնավորապես՝ Անտանտի դեմ լիովին համընկնում էր կարմիր Ռուսաստանի քաղաքական նպատակներին։ Ուստի Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը մեծապես նպաստում է քեմալական շարժման ծավալմանը և նրա հաղթանակին ընդդեմ հարևան նորանկախ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության։ Միջազգային հանրության կողմից չճանաչված Ռուսաստանի կառավարությունը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք և ավելի քան 10 միլիոն տոննա ոսկով անհատույց տրամադրում է միջազգային հանրության կողմից չճանաչված Քեմալական Թուրքիային։
Ռուս-թուրքական պատերազմ Հայաստանի դեմ
Ստանալով Ռուսաստանի վիթխարի ռազմատեխնիկական օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝ 1920 թվականի սեպտեմբերին քեմալական զորքերը՝ Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ, ներխուժում են Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ։ Միաժամանակ, և նույնիսկ ամիսներ առաջ՝ մայիսից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողություններ էր իրականացնում քեմալականների դաշնակից Ռուսաստանը։ Փաստորեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվում էր երկու ճակատով պատերազմ՝ արևելքից կարմիր Ռուսաստանի տասնմեկերորդ բանակը, արևմուտքից՝ Քյազիմ Կարաբեքիրի քեմալական բանակը։ Քեմալական զինվորները հրի ու սրի են մատնում արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց։ Քեմալականները փաստորեն շարունակում են երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանության քաղաքականությունը։ Արևելքում Քեմալական շարժումը կարողանում է հասնել այն բանին, որ չստեղծվի անկախ ու միացյալ հայկական պետություն։ Հայաստանի դեմ ռուս–թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի՝ հայ ժողովրդի և հայկական պետականության համար ողբերգական արդյունքները ամրագրվեցին Քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերով[7]։։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատում են այսօրվայ՝ ծայրահեղորեն անարդարացի, ստորացուցիչ և խեղդող սահմանը։ Դրանցից առաջինը՝ 1921 թվականի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային է տրվում շուրջ 26 հազար կմ2 տարածք, որից 24 հազար կմ2՝ Հայաստանի Հանրապետության տարածքից։ Իսկ երկրորդը՝ Կարսի պայմանագիրն է, որը 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Իրականում, Հայաստանը և մյուս հանրապետությունները ձևականորեն, իսկ հատկապես Հայաստանը՝ ստիպողաբար էր ստորագրել այդ պայմանագիրը։ Իրականում պայմանագիրը ստոարգող կողմերը դարձյալ Թուրքիան և Ռուսաստանն է, թեպետ վերջինս այս անգամ հանդես էր գալիս որպես ոչ ստորագրող, այլ պարզապես, իբր, մասնակցող կողմ։ Կարսի Պայմանագիրը, լինելով, փաստորեն, ապօրինի պայմանագիր, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, որը նույնչափ ապօրինի պայմանագիր էր, նույն պատճառներով, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Դա նշանակում է, որ ժամանակակից սահմանները նշված պետությունների, և մասնավորապես, Թուրքիայի և Հայաստանի միջև օրինական չեն։ Այդ է պատճառը, որ Թուրքիան մինչև այժմ ձգտում է Հայաստանի կառավարություններին հարկադրել ստորագրելու նոր պայմանագիր, կամ արձանագրություն, որով կհաստատվեն ներկայիս՝ առայժմ գործող, սակայն ապօրինի սահմանները երկու պետությունների միջև։