Վարուժան Ավետիսյան. Աշխարհն արմատապես կերպափոխվում է։

ԿՐԿՆԵՆՔ, ՄՏԱԾԵՆՔ, ԳՈՐԾԵՆՔ
Աշխարհն արմատապես կերպափոխվում է։
Այդ կերպափոխման երկու հիմնական գործոններն են.
1) ԱՄՆ-Չինաստան գլոբալ մրցակցությունը,
2) 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և դրանով պայմանավորված ռեգիոնալացումը։
ԱՄՆ շահը թելադրում է, որ Ռուսաստանն առնվազն չկցվի Չինաստանի նախագծած մեգառեգիոնին։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում կցվել Արեւմուտքի մեգառեգիոնին, իսկ Չինաստանին կցվելու փորձի դեպքում Արեւմուտքը նրան կկործանի, ապա նրա համար մնում է մեկ տարբերակ` իր շուրջը կազմավորել միջռեգիոնալ թերռեգիոն (Ռուսաստանը չի կարող ռեգիոն ստեղծել, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ կարողություններ)։ Այդ թերռեգիոնը նախատեսվում է որպես Ռուսաստանի, նրա արբանյակների և նրա հետ համագործակցողների` զոնայական-զոլավոր մի կոնգլոմերատ, որը կլինի Արևմտյան մեգառեգիոնի եւ Չինաստանի միջեւ և, իհարկե, կենթարկվի նաև նրանց ազդեցությանը։ Անշուշտ, որքան “Ռուսաստան” կենտրոնին մոտ (կառավարման, եւ ոչ միշտ աշխարհագրական առումով), այնքան ավելի մեծ ռուսական ազդեցությամբ։Եթե ավելի պարզ խոսենք, ապա Ռուսաստանի բռնապետական ռեժիմը հանուն իր կյանքի երկարաձգման պատրաստվում է տարբեր մակարդակներով անխուսափելի սիրիականացման վտանգի ենթարկել Ռուսաստանը և նրա ու Չինաստանի միջև գտնվող Մեծ Կենտրոնական Ասիան (առնվազն Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Պակիստան, Աֆղանստան, Ադրբեջան)։ Ադրբեջանին այս շարքում թվարկելը կարող է տարակուսելի թվալ, բայց քարտեզը հուշում է, որ Կասպից ծովի երկու ափերը մեկ օրգանական ամբողջություն են։ Քանի որ այս բոլոր երկրները բռնապետական են, ապա նրանց ռեժիմները ևս գերադասում են իրենց շահը, թեկուզ այն հակասում է իրենց պետությունների շահին։ Եվ այս հիմքով այս կամ այն չափով միավորվում են Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանը մնա Ռուսաստանի ուղեծրում, ապա Հայաստանը ևս սիրիականացման բաժին կդառնա։ Եվ ամենադաժան ճակատագիրը Հայաստանին բաժին կհասնի, քանի որ մյուսների համար խորթ է և ամենաթույլն է։ Հայաստանն ուղղակի կվերանա։
Նաև Տաջիկստանն ունի նման ավելի մեծ վտանգ և պատահական չէ, որ փորձում է իր մի ձեռքն Արևմուտքի փեշին գցել։ Իրանը կդիմանա եւ ուրույն ձևով կմիանա Արևմտյան մեգառեգիոնին։
Հայաստանի պրոբլեմն ու չարիքը ևս իշխանությունը յուրացրած եւ պետությունը զավթած բռնապետական ռեժիմն է (ժողովրդավարության դիմակով կապիկությանը մի խաբվեք, կապիկությունը ժամանակակից բացասական միտումներից մեկն է): Սահակաշվիլին իր ազատության գնով վերադարձել է Վրաստան, որպեսզի այդ ճահճից փրկի իր երկիրը, քանի որ Վրաստանը ևս կուլ կգնա, եթե մնա այսօրվա դերին ու դիրքին։ Արեւմուտքի մեգառեգիոնի մեջ Հայաստանի և Վրաստանի հայտնվելու պարագայում Թուրքիան մնալու է դրա սահմանից ներս և ի վերջո մարսվել-մասնատվելով ինտեգրվելու է նրան։ Արևմուտքի մեգառեգիոնի կազմ մտնելու ձևով Ռուսական թերռեգիոնից Հայաստանի եւ Վրաստանի հեռացմամբ էապես կիմաստազրկվի նաև Ռուսաստան-Թուրքիա գործակցությունը, ուստի մեզ համար կչքվի ոչ միայն ռուսական, այլև թուրքական վտանգը։ Այդ ընթացքը կբերի նաև ռուս-թուրքական բախման։ Եվ նորից հիշենք, որ եթե չհասցնենք ազգային կառավարություն ստեղծել, ապա ոտքի տակ կգնանք։Առհասարակ` Թուրքիան իր գոյության իմաստը կփորձի արդարացնել (զգալի չափով` Պակիստանի հետ միասին) Մեծ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանին հակադրվելու և այդ տարածքում Արևմուտքի համար շահեկան մրցակցային դինամիզմ ստեղծելու պատրաստակամությամբ, սակայն լինելու դեպքում նույնիսկ այս ընթացքը լինելու է խիստ ժամանակավոր և ընդամենը դանդաղեցնելու է իր մասնատում-մարսումը։ Եվ, ամենակարևորը, նա այդ ընթացքում այլևս չի կարողանալու սպառնալ Արևմտյան մեգառեգիոնի մաս դարձած Հայաստանին, ինչպես որ արդեն չի կարողանում սպառնալ Հունաստանին և նույնիսկ Կիպրոսին։ Ենթակառուցվածքային ռազմավարական հենքը, որը կարող է ապահովել Հայաստանի և Վրաստանի ելքը դժողքից, Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող Հարավ-Հյուսիս նախագիծն է։ Իսկ հիմնական միջոցը, որի շնորհիվ դուրս կգանք փրկության, խաղաղության, կայունության և զարգացման ու բարգավաճման ափ, ազգային կառավարությունն է։ Ուրեմն` միացե’ք հանուն ազգային պետության և հանուն ժողովրդավարության մղվող ազատագրական պայքարին, որ փրկության, խաղաղության, կայունության և զարգացման ու բարգավաճման պայքար է։
Մի’ լսեք կգբ-ից կախված կամ նրա քարոզների տակ մնացած բոլոր նրանց, որ ասում են, թե մեր կամքին հակառակ էլ մեզ կփրկեն։ Եթե մենք չենք մասնակցում մեր փրկության, ապա նույնիսկ արտաքուստ փրկվելու պարագայում ընդամենը կդառնանք ճանապարհի եզրի չարչի և մի քանի տասնամյակի ընթացքում կվերանանք որպես քաղաքական ազգ։ Միացե’ք Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնած պայքարին, որ տապալենք ռուս-թուրքական գործակալների բռնապետական ռեժիմը, ձևավորենք ազգային կառավարություն եւ դուրս գանք այս դժողքից դեպի երաշխավորված ապագա։Մեր առջև ծառացած լինել-չլինելու մարտահրավերը դեռևս հասկանալի չէ մեծամասնության համար, ուստի գիտակից և կամային փոքրամասնությունն է որոշելու բոլորիս ճակատագիրը։ Չմոռանաք մոռանալ նաև մինչ օրս մակերեսի վրա ջրից թեթև լինելու շնորհիվ մնացած, ինչպես նաև շարունակաբար նույն նյութից բուծվող կեղծ երևելիներին, քանի որ նրանց ժխտումը առաջ գնալու համար անհրաժեշտ առաջին քայլն է։
Վարուժան Ավետիսյան