Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից
ՄԱՍ 2
Հարց- Վերջերս ՌԴ արտգործնախարար Լավրովը Անկարայում ունեցած իր հանդիպումներից անմիջապես հետո եկավ Երևան և խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից` մասնավորապես նշելով, թե երկու երկրների միջև հաղորդակցման ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով։ Բայց այդպես էլ չպարզաբանվեց՝ ի՞նչ նկատի ուներ Լավրովը։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ մասին է խոսքը, այս դեպքում պարզեցված ռեժիմ ասվածն ի ՞նչ կարող է նշանակել։
-Պատասխան- Լավրովը, անկախ քննարկվող ռեժիմի բաղադրիչներից ու նույնիսկ հավանական տարբերակներից, բոլոր դեպքերում նկատի ունի ռուսական վերահսկողության առկայություն: Մնացյալ մասով Մոսկվան աշխատում է Հայաստանի հաշվին սիրաշահել Ադրբեջանին ու Թուրքիային:
Դինամիկ վիճակ է, որը վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է ենթակա Արևմուտքի ազդեցությանը: Կարծում եմ, որ մեր ուշադրության թիրախում պետք է լինեն վերը նշված հանգամանքները և դրանք ծնող գործոնները, ըստ այդմ՝ նպատակ ունենալով Հայաստանը դուրս բերելու ռուս-թուրքական մահացու աքցանից:
Հակառակ դեպքում մենք կզբաղվենք Հայաստանի մահվան եղանակների քննարկմամբ: Դա ներկայիս խամաճիկային վերնախավի «հացն» է, թող շարունակի ծամել , շատ քիչ ժամանակ է մնացել նրան:
-Հարց- Կա կարծիք, որ Պուտինը, Լավրովն ու Էրդողանը արագացնում են Զանգեզուրի միջանցը բացելու գործընթացը, համամի՞տ եք: Արդյո՞ք խնդիրը միայն միջանցք բացելն է։
-Պատասխան- Ռուս-թուրքական խնդիրը մեկ դար առաջ ՀՀ հաշվին ձևավորած տարածաշրջանային ճաարտարապետությունը նորացնելն ու լեգիտիմացնելն է՝ ՀՀ անունից հանդես եկող դավաճանական իշխանության և վերնախավի միջոցով: Այս խնդիրը լուծելուն յուրաքանչյուրն ըստ իր կարգավիճակի ու դերի մասնակցում է՝ թե՛ նախկիններ, թե՛ ներկաներ:
Ինչ վերաբերվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, ապա հարկ է նկատի ունենալ, որ Ռուսաստանը դրան կողմ կլինի և այդ տարբերակը Հայաստանին կպարտադրի երկու դեպքում՝
ա) երբ համոզված լինի, որ Թուրքիայի հետ համաձայնաբար կպահպանի տարածաշրջանի նկատմամբ բավարար ազդեցություն՝ բացառելով Արևմուտքի գործուն միջամտությունը,
բ) երբ համոզված լինի, որ ստիպված է հեռանալ տարածաշրջանից և Արևմուտքի գալուստը խափանելու նպատակով այն հանձնել Թուրքիային:
44-օրյա պատերազմի պլանավորման, իրականացման և դրան անմիջականորեն հաջորդած ժամանակահատվածներում գերակշռում էր 1-ին տարբերակը: Ներկայումս դեպի 2-րդ տարբերակ անցնելու փուլն է, ուստի Ռուսաստանը սցենարներ է շոշափում և ժամանակավորապես ձգձգում է գործընթացը:
Հայ ազգի առաջնային խնդիրն է՝ ստեղծել ազգային իշխանություն, կտրել այս չարիքի շղթան և Արևմուտքի աջակցությամբ դուրս գալ ռուս- թուրքական մահացու աքցանից:
Եթե հապաղենք, կկորցնենք պետություն լինելու վերջին հնարավարությունը:
-Հարց- ԱՄՆ-ի կողմից հակազդում կա՞ արդյոք, ինչպե՞ս է դա արտահայտվում:
-Պատասխան- 44-օրյա պատերազմից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) գոյատևում է հայ ազգային կորիզային շերտի դիմադրության և ԱՄՆ-ի գլծավորությամբ Արևմուտքի գործուն միջամտության շնորհիվ:
ԱՄՆ-ը չեզոքացնելու աստիճան զսպում է Թուրքիային, խափանում է Ադրբեջանի ռազմական քայլերն ու ծավալապաշտական նկրտումները, խաղից դուրս է թողնում Ռուսաստանին:
-Հարց- Պարոն Ավետիսյան, իրականություն դառնու՞մ են արդյոք ավելի վաղ Ձեր կողմից արված այն պնդումները, թե ԱՄՆ-ը ՌԴ-ին զրկում է ազդեցության գոտիներից։ Գոնե մեր տարածաշրջանում առայժմ նկատելի է, որ պուտինյան ռեժիմը չի նահանջում, մի բան էլ նոր պլաններ է փորձում իրագործել։
-Պատասխան- Այո: Բայց դա գործընթաց է, որն արտահայտվում է Ռուսաստան կոչվող գաղութային համակարգի տենդագին ջղաձգումներով, ամեն հնարավորությունից կառչելու հիվանդագին ձեռնարկումներով:
Դեռևս հարց է, թե ինչպես կոչնչանա Ռուսաստան կոչվող գաղութատիրական համակարգը՝ առավելապես ուկրաինական ճակատում ռազմական ջախջախման, թե՞ քաղաքական ու տնտեսական մեկուսացման հետևանքով:
-Հարց- Պարոն Ավետիսյան, փաստորեն կա որոշում, որ ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվը պետք է ավելանա։ Այդ մասին հայտարարեց Լավրովը՝ նշելով, թե դա հայկական կողմի ցանկությունն է։ Սա ինչի՞ մասին է խոսում:
-Սա խոսում է վերը նշվածի մասին: Ռուսաստանի գաղութային համակարգը փորձում է վերարտադրվել ավելի լայն տիրույթում, սակայն ակնհայտորեն դատապարտված է:
Իսկ հայաստանյան խամաճիկային ռեժիմը նրա հանձնարարությունն է կատարում:
Թերևս տեղին է հաստատական ոճով ու ներկա ժամանակով կրկնել Ռուսաստանի վերաբերյալ Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքը՝ «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:
-Հարց- Ռուս-թուրքական սիրախաղը կրկին խորանում է։ Նկատում ենք, որ թե՛ Ուկրաինայի, թե՛ ՀՀ դեմ, Պուտինն ու Էրդողանը շարունակում են համատեղ գործել։ Կպատժի՞ արդյոք Արևմուտքը Էրդողանին, ինչպիսի՞ն կլինի այդ պատիժը։
-Պատասխան- Արևմուտքի համար Թուրքիայի գոյության հիմնական իմաստը Ռուսաստանին հակակշռելն է: Ռուսաստանը կորցնում է իր ուժն ու կարևորությունը:
Ուստի վերանում է Թուրքիայի գոյության հիմնական իմաստը:
Մնացյալն ածանցյալ է: Թուրքիան դատապարտված է:
Էրդողանը դրվագ է, որոշիչը օբյեկտիվ բնապատմական տրամաբանությունն է:
-Հարց- Վերջում մեկ հարց ևս` ի՞նչ կասեք Ձեր պայքարակից ընկերներին։
-Պատասխան- Շատ ավելի եռանդուն և կազմակերպված կերպով լծվել Հայաստանի ազատագրության և վերածննդի պայքարին:
Եվ, ամենակարևորը՝ այսօր, վաղը և հաղթանակից հետո՝ լինել սիրով և միաբան:
Վարուժան Ավետիսյան, Նուբարաշեն ՔԿՀ
20 հունիս, 2022 թվական
Հարցազրույցը՝ Բևեռի մամուլի ծառայության