Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից (Մաս1)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ռեժիմի կողմից բանտարկված ապստամբ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից

ՄԱՍ1-ԻՆ

-Հարց- Պարոն Ավետիսյան բարև ձեզ, ինչպե՞ս եք: Նախ խնդրում ենք տեղեկություն տրամադրեք Ձեր առողջական վիճակի մասին, ինչպե՞ս եք ձեզ զգում։ Արդյո՞ք հիմա` բանտային պայմաններում, առողջական խնդիրները չեն խորացել:

-Պատասխան- Նույն առողջական խնդիրները մնում են: Իմ հիմնական հիվանդությունը հանկարծակի է գլուխ բարձրանում, հատուկ նախանշաններ չեն լինում:

-Հարց- Այժմ Ձեր և տղաների ձերբակալությանն անդրադառնանք։ Նախ սպասու՞մ էիք, որ այդքան շուտափույթ կբանտարկեն ձեզ։

-Պատասխան- Այո և դա շատ տրամաբանական էր: Մայիսի 25-ին լրանում էր Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու ժամկետը: Մայիսի 26-ին նույնիսկ զարմացած էի, թե ինչու՞ է ուշանում ոստիկանությունը:

Երբ մայիսի 28-ին վաղ առավոտյան դուռը ծեծեցին, հասկացա, որ չեկիստական համակարգը չի կարողացել իրեն զրկել ՀՀ հիմնադրման օրը վրեժխնդրության նպատակով օգտագործելու թունոտ հաճույքից:

-Հարց- Ինչի՞ հետ եք կապում ռեժիմի շտապողականությունն այդ հարցում:

-Պատասխան- Սասնա Ծռերի և նրանց ապստամբության նկատմամբ ռուս-թուրքական չեկիստական համակարգի վերաբերմունքը խորքային-հայեցակարգային է, ուստի նաև՝ արժեքային:

Իշխանությունը յուրացրած ու պետությունը զավթած հերթական՝ այս անգամ արդեն փաշինյանական գաղութային ռեժիմը 2018-ին ստիպված եղավ փոփոխել մեր խափանման միջոցները և այսպես կոչված դատաքննության փուլում մեզ ազատ արձակել:

Սակայն զուգահեռաբար մշակվեց և ներդրվեց նաև մեզ բանտ վերադարձնելու ծրագիր, որի առաջին դրսևորումը իրավունքի և սահմանադրականության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև ինքն իրեն հակասող համաներումն էր, որն ընդունվեց 2018-ի աշնանը:

Իսկ արդեն 2018-ի դեկտեմբերից հմուտ աչքի համար ակնհայտ էր, որ առիթ են որոնում խափանման միջոցը փոփոխելու և մեզ դարձյալ կալանավորելու համար:

2019-ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում դա հասունացրել էին, սակայն ինչ-ինչ հանգամանքների հաշվառմամբ ձեռնպահ մնացին:

Դրանից հետո որոշեցին այսպես կոչված դատավարությունը արագացնել և հնարավորինս սեղմ ժամկետում հասցնել իր տրամաբանական ավարտին, այն է՝ ապստամբության և ապստամբության իրավունքի հետ կապ չունեցող շինծու մեղադրանքները համարել ապացուցված և մեզ ծանր պատժաչափերով բանտարկել:

Որոշումը կայացվել է Մոսկվայում, փաշինյանի ռեժիմը և դատավորի պաշտոն զբաղեցնողներն ընդամենը կատարել են այդ որոշումը Այո՛, կատարել են նախանձախնդրությամբ , քանի որ նույն համակարգի բոլշևիկ-ենիչերներ են: Բայց առանց Մոսկվային իրենց թիկունքում ունենալու չէին կարող համարձակվել:

– Հարց- Պարոն Ավետիսյան փոքր-ինչ կմանրամասնեք ինչպե ՞ս իրականացվեց ձերբակալությունը:

-Պատասխան- Որեվէ առանձնահատուկ դիպված չի եղել: Արդեն զարմանալի չէ երկատված հոգով ու մտքով ծառայողների ողորմելիությունը և կիսագիտակից-անուղղելի մեքենայականությունը:

-Հարց- Այս թեմային առնչվող վերջին հարցը. ի ՞նչ եք կարծում երկար եք մնալու բանտարկված:

-Պատասխան- Սասնա Ծռերի ապստամբությունը և նրա ու ապստամբների նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի վիճակի և մեր ազգային իմունիտետի ցուցիչն է, քանի դեռ Հայաստանը գաղութացված է, բանտում ենք լինելու:

Միևնույն ժամանակ մենք ականատես ենք ռուսական գաղութային համակարգի և մեր տարածաշրջանը հոշոտած ռուս-թուրքական ճարտարապետության քայքայման սրընթաց միտումին, որը շատ ավելի շուտ կհասնի տրամաբանական հանգուցալուծման՝ ի համեմատ մեր պատժաչափերի:

Շարունակելի…

Հունիսի 20, 2022 թվական, Նուբարաշեն ՔԿՀ

Հարցազրույցը՝ Բևեռի մամուլի ծառայության