Սյունիք

Սյունիքը ամենահարավային մարզն է և կապում է Հայաստանը Իրանին: Ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրու տարածաշրջանները: Այն Հայաստանի ամենահետաքրքիր մարզերից է թե բնության և թե պատմաճարտարապետական հուշարձանների առումով: Մարզում կարելի է անցնել Հայաստանի համարյա բոլոր կլիմայական գոտիներով, Մեղրու տաք հովտային գոտուց մինչև Գորիսի անտառածածկ լեռներ ու ալպիական մարգագետիններ: Մարզի առանձին բնակավայրերում պահպանվել են մանածագործությունն ու գորգագործությունը, որոշ տեղերում էլ կարելի է հանդիպել քարագործ, խաչքարագործ, փայտագործ ու կավագործ վարպետների:

Խուստուփ լեռը

Այստեղ կարելի է այցելել Զորաց քարեր կոչվող բրոնզեդարյան բնակատեղի, բարձրանալ Ուղտասար և դիտել հնադարյան մարդու կողմից արված ժայռապատկերները: Իր երկարության պատճառով Գինեսի ռեկորդների գրքում գրանցված «Տաթևեր» ճոպանուղով կարելի է գնալ Տաթևի միջնադարյան վանական համալիր (9-15 դդ): Իսկ Մեղրի քաղաքի Հին թաղում  և Գորիսի կենտրոնական հատվածում կարելի է հայտնվել 19-րդ դարավերջի քաղաքներին բնորոշ կոլորիտային միջավայրում: Գորիսից ոչ հեռու գտնվում է Հին Խնձորեսկ քարանձավային գյուղը, որտեղ կառուցված ճոճվող կամրջից տեսանելի է ողջ համայնապատկերը:

Մարզի գյուղերը շատ հյուրընկալ են և գյուղական փոքրիկ ռեստորաններում կարելի է ճաշակել տեղական յուրահատուկ ուտեստներ՝ Գորիսի տոլմա, ղափամա, քյալագյոշ, ղավուրմա, հալիմ՝ հաճարով և ղավուրմայով հարիսայի տեսակ, Գորիսի հռչակավոր լոբուց պատրաստված ուտեստներ, բանջարեղենով պատրաստվող ամառային խաշլամա, տեղական խոտաբույսերով համեմված կավե կճուճներում պահվող հորած պանիր: Այդ ամենի հետ կարելի է համտեսել տեղական մրգային օղիներ, որոնց մեջ առանձնապես հարգված է Քարահունջի թթի օղին: