Բանակցություններ վարել չհասցնելու վերաբերյալ հայտարարություններն, առնվազն տարօրինակ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Մայիսին արդեն կլրանա 5 տարին, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլխին է։ Դա մի ամբողջական ու լիարժեք ժամանակաշրջան է։ Շատ քաղաքական գործիչներ անգամ դրա կեսն են պաշտոնավարում ու շատ բան հասցնում։ Պարզապես ինքը հերթական անգամ ձախողել է ու հերթական անգամ փորձում է ուրիշներին մեղավոր ճանաչել այդ հարցում»,- ասաց նա։ Անդրադառնալով ներկայում ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցություններին ու դրանց վերաբերյալ հանրության անտեղյակությանը՝ Պապյանն ասաց, որ դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով։ «Դա կարող է շատ վատ հետևանք ունենալ, և ես այդ մտահոգությունն ունեմ, որովետև որևէ մեկը, որևէ պաշտոնյա իրավունք չունի նման հարցերը նման գաղտնիությամբ վարելու։ Ուզում եմ հիշեցնել, որ հայտնի Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց Ցյուրիխում, տեքստն ամբողջությամբ տպագրվեց, այսինքն, մարդիկ ծանոթացան, կարծիքներ հայտնեցին։ Ես ինքս մոտ 40 հոդված գրեցի այդ թեմայով։ Դա այդպես պիտի արվի, որովհետև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ելնելով և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի ելույթներից, պիտի ամրագրի Հայաստան-Ադրբեջան սահմանը։ Սա նշանակում է, որ այստեղ Արցախի հարցը կա և սահմանների հարցը կա։ Իսկ մեր Սահմանադրությունը միանշանակ է՝ սահմանների փոփոխություն սահմանել չի կարող՝ առանց հանրաքվեի։ Հիմա հարցը հետևյալն է՝ ի՞նչ իրավունքով է ինքը վարչական սահմաններն ընդունում որպես պետական սահման։ Որովհետև պիտի լինի համապատասխան փաստաթուղթ։ Անգամ այդ պարագայում ստորագրվելիք այդ փաստաթուղթը պետք է ուղարկվի շահագրգիռ մարմիններին։ Այսինքն, եթե դրանց առնչվում է, օրինակ՝ 5 նախարարություն և Սահմանադրական դատարան, դա ստորագրվում է, հետո նոր մյուս հարցերն են լուծվում՝ խորհրդարան և այլն»,- ասաց նա։ Մեր դեպքում, ըստ քաղաքագետի, պարզապես Նիկոլ Փաշինյանը «կապիտուլյացիա» բառը փոխարինում է «խաղաղության պայմանագիր» արտահայտությամբ։ «Դա կատարյալ կապիտուլյացիա է, որն ինքն անում է Ալիևի վերջնական ուլտիմատումի ներքո»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքների մասով Փաշինյանի հայտարարություններին՝ Պապյանի գնահատմամբ, Փաշինյանի նպատակը մեկն է՝ մեղավոր ճանաչել ուրիշներին, հանդես գալ սրբի պատկերով ու երկարեցնել պաշտոնավարումը։ «Ասեմ, որ ինքը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, թե Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այնտեղ հետևյալն է․ ընդհանրապես միջազգային հարաբերություններում ու իրավունքում փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ։ Այս դեպքում չի կարող միայն մի կետը գործել։ Այն բազմաթիվ կետեր ունի։ Բա եթե ճանաչել էր՝ ինչի՞ էր այդ ամբողջը ձգձգվում, որովհետև կային նախապայմաններ․ օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցը, որ ազատ կամարտահայտության վրա էր հիմնվում։ Այնտեղ հստակեցվում էր, թե ով պիտի մասնակցի, կար անցումային փուլ և այլն։ Այսինքն, միայն այդ ամբողջ գործընթացներից հետո կարող էր Արցախը լինել Ադրբեջանի մաս, եթե նրանք (արցախցի մեր հայրենակիցները- խմբ․) քվեարկությամբ համաձայնեին դրան։ Իսկ ինքը վերցրել է միայն մի մասը, թե Հայաստանը համաձայնել է։ Այո՛, Հայաստանը համաձայնել է, կրկնում եմ, բազմաթիվ նախապայմաններով, որոնցից որև մեկն Ադրբեջանը չէր էլ կատարելու։ Դրա համար էլ դա եղել է մի գործընթաց՝ տակտիկական բանակցությունների վրա հիմնված»,- ասաց նա։ Իրավիճակն, ըստ քաղաքագետի, հիմա լիովին տարբերվում է վերը նշված պատկերից։ «Ինքը հիմա, որքան հասկանում եմ, առանց որևէ նախապայմանի, այսինքն, առանց կարգավիճակի պահանջի, ընդամենը խոսում է ինչ-որ անվտանգության մասին և այլն, պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի լիազորությունն ինքը չունի։ Սահմանադրությամբ՝ սահմաններին վերաբերող փաստաթուղթը պետք է անցնի հանրաքվեով»,- ասաց նա։ Ստեղծված իրավիճակից դուրս գալ, ըստ քաղաքագետի, հնարավոր է միայն ժողովրդի ոտքի կանգնելու արդյունքում։ «Մենք արդեն տարիներ շարունակ ասում ենք, որ անհրաժեշտ են հանրահավաքներ, հասարակական ճնշում` խաղաղ ցույցերի միջոցով և այլն: Մենք անգամ ասում ենք, որ պարտադիր չէ՝ մեզ հետ ու մեր կոչով: Եղբայր, փողոց ելեք՝ ում հետ ուզում եք: Պետք է 50.000- 100.000 մարդ փողոցում հավաքվի ու ասի, որ այս ամենը չի ընդունում: Որովհետև սրանով աճուրդի է դրված մեր անցյալը, քանի որ նա ուրանում է մեր ամբողջ անցյալը, մեր ներկան, որովհետև ավիրում է մեր բոլոր իրավաքաղաքական հիմքերը և ապագան, որովհետև, միևնույնն է, այդ փաստաթուղթը խաղաղություն չի բերելու: Ընդհակառակը, իրենք հազար ու մի պատրվակ են գտնելու՝ դա էլ ոտնահարելու»,- ասաց նա: Այդուհանդերձ, Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ ստորագրելով նման պայմանագիր՝ ՀՀ իշխանություններն ամրագրելու են Արցախի անցումն Ադրբեջանին, միևնույն ժամանակ հրաժարվում մեր իրավունքներից՝ Թուրքիայի նկատմամբ: «Իրենք ցանկանում են այս էտապում դա պոկել: Մնացածն էլ հետո կանեն»,- համոզմունք հայտնեց փորձագետը:
Աղբյուր․ Սահմանադրությամբ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու սահմաններին վերաբերող փաստաթուղթ (oragir.news)