Մի փոքր դիտարկում մեր ներկա իրավիճակի մասին։
Այն անվտանգային մարտահրավերները, որոնք գոյություն ունեն այսօր, ուղղված են Հայաստանի Հանրապետության իբրև գործոնի ոչընչացմանը։ Ռուս-թուրքական դաշինքի ծրագրերում դրա իրագործման համար ընդամենը երկու խնդիր է մնացել։ Երրորդը, որը գործոն էր դեռևս մի քանի օր առաջ, արդեն այլևս չեզոքացված է, մնացել է դրա փաստացի ամրագրումն իրականացնել։ Խոսքը Լաչինի միջանցքի մասին էր, որը ռուս-թուրքական համատեղ ծրագրով պետք է փաստացի դրվեր Բաքվի վերահսկողության տակ՝ վերջնականապես Արցախը ենթարկեցնելու համար Ալիեւի իշխանությանը։ Լինի Սարսանգի ջրամբար, թե մի ուրիշ ենթակառուցվածք հայկական Արցախում, այլեւս դրա կենսագործունեության որոշումը կայացնելու է Ալիեւը։ Այդպիսին է ռուս-թուրքական բարձր մակարդակի որոշումը, որին սիրով տրվեցին Հայաստանի ու Արցախի ղեկավարները։
Ինչպես նշեցի դեռևս մնում են երկու գործոններ, որոնց չեզոքացումը օրերի ու շաբաթների հարց է։ Մեկը ՀՀ բանակի հնարավոր սուբյեկտայնության չեզոքացումն է՝ միտված ապագային, մյուսը Մեղրու ռազմակալումը՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումով։ Վերջինս աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում շատ բարդ իրագործելի խնդիր է, սակայն ռուս-թուրքական դաշինքի համար ոչ անհնար։ Անհնար չէ, քանզի Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խորհրդարանական ընդդիմադիր միավորները ձեռնածու են, կոլլաբորացիոնիստ, կատարյալ տգետ, այնպիսին, ինչպիսին նրանց հատուկ պատրաստել են տարիների ընթացքում։
Ռուս-թուրքական դաշինքը շատ մեծ վախեր ուներ, որ հայ հանրությունը քաղաքացիական բնակչության Բերձորից ու Աղավնոյից դուրս չգալու գնով կարող էր ստիպել Հայաստանի ղեկավարությանն ու միջազգային հանրությանը մի նոր միջազգային խնդիր ձևակերպել, որը հետագայում հնարավորություն կտար Արցախի սուբյեկտային գործոնի վերագործարկմանը։ Հենց դա թույլ չտալու համար շաբաթներ շարունակ հայ բնակչությունը պահվում էր խուճապի ու վախի մթնոլորտում։ «Սուրմալուն» այն օպերացիաների շարքից էր, որը պետք է կոտրեր նաեւ պաշտոնական Երեւանի «չհասկացվածության պատը»՝ անելու համար այն, ինչը նրան ասվում էր Կրեմլից։ Նիկոլ I Տգետի համար պատրաստվել էր մի այլ անակընկալ ևս՝ իր նման կատարյալ դերասան վարչապետացուի տեսքով, ով նույնքան հավակնոտությամբ քաղաքական կյանքը վերածեց ֆարսի՝ 2000 քաղաքացի հավաքելով ու կառավարության շենքի դիմաց պահանջելով վարչապետի հրաժարականը։ Եթե Նիկոլ I Տգետը չտեսնելու տար, թե ինչ է իրենից ակնկալում Կրեմլը ու փորձեր չհասկանալու մի թատրոն խաղարկել, ապա երեկ, այսօր եւ այլ օրեր Հայաստանում խուճապի սփռման արարները՝ «ընդդիմադիրների» ակտիվացան հետ միասին, շարունակություն պետք է ունենային․ չմոռանանք, որ այդ գործի համար վերջին օրերին մի հոյակապ դերասան ենք ստացել Կրեմլից։ Սակայն, այսօր Նիկոլ I Տգետը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակվել երկու երկների միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ: Թե դրանք ինչ մակարդակի հարցեր են, երկար սպասեցնել չտվեցին․ ժամեր անց վարչապետն ընդունեց ՌԴ Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ նա ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Օգոստոսի 31-ին ռուսադրբեջանահայկական բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ համաձայնեցվում են վերջին շտրիխները։
Իսկ ՀՀ բանակի հնարավոր սուբյեկտայնության չեզոքացման խնդրի մասին հուսով եմ դեռ առիթներ կլինեն խոսելու։ Ռուս-թուրքական դաշինքի համար բավարար չէ ՀՀ ռազմական ձեռնածու ղեկավարության գոյությունը։ Հարկ է, որ Կովկասում ընդհանրապես չլինի հայկական բանակի գործոն ու դրա համար ամեն ինչ արվելու է։ Այսօր դրվում են դրա հիմքերը․․․
Փորձեցի շատ կարճ քաղաքական գործընթացների տրամաբանությունը փոխանցել։
Սարո Սարոյան