Առցանց ելույթ ունենալով Դավոսի ֆորումի բացմանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և ձգտել խաղաղ գոյակցության։
Իրանը` ըստ իր քաղաքական ավանդույթների, վերջին տարիների ընթացքում միշտ պահպանել է սկզբունքային դիրքորոշում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում և ընդգծել է միջազգային նորմերի պահպանման անհրաժեշտությունը։ Իրանը չի՛ աջակցի Ռուսաստանին ռուս-ուկրաինական ռազմական բախման դեպքում:
Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հստակ վերջերս հայտնեց իր տեսակետը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի շուրջ, հանձինս Ալիևի, որը Կիևում հայտնեց իր աջակցությունը Ուկրաինային, իսկ Էրդողանը բազմիցս խոսել է Ղրիմի զավթման մասին՝ ռուսական զորքերի կողմից:
Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը կմնա միայնակ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ բախման դեպքում, ակնհայտ է, որ Ռուսաստանը գնալով ավելի է իզոլացվում աշխարհում, և դա ավելի տեսանելի դարձավ վերջերս Ղազախստանում, երբ Ռուսաստանը ստիպված եղավ նահանջ գրանցել, և այդ հետնահանջի ենթատեքստում առկա էր նաև չինական կողմի ճնշումը:
Հայաստանի ռուսական իշխանությունները և ընդդիմությունը, անվերապահորեն և աներկբա ռուսական վասալային տիրույթում և քաղաքական խորտակվող նավում մնալով, ՄԱԿ-ում վերջին 8 տարվա բոլոր իրենց պրոպուտինյան և հակաուկրաինական քվեարկություններով, Սիրիա և վերջերս արդեն Ղազախստան ռուսական մանդատի տակ զորք ուղարկելով, դնում են Հայաստանը Ռուսաստանի հետ միասին իզգոյի ստատուսի տակ:
Այս գալիք աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև կանգնած` ռուս-ուկրաինական հնարավոր ռազմական բախման պարագայում, Հայաստանի համար շատ լուրջ վտանգ է մնալ Ռուսաստանի փեշի տակ աշխարհաքաղաքական շահերի բախման ընթացքում՝ կապելով իր անվտանգությունը միայն խորտակվող ռուսական սապոգին՝ դրանով իսկ դառնալով հնարավոր թուրքական ցեղասպանական ագրեսիայի զոհ:
Այս կործանիչ մարտահրավերների դեմն առնելու համար հայ ժողովուրդը, հանձինս իր գիտակից հատվածի, ունի մեկ հնարավորություն. տասնյակ հազարներով ողողել երևանյան փողոցները՝ հեռացնելով փաշինյանական ռեժիմը և սկիզբ դնել ազգային կառավարությանը և նոր արտաքին քաղաքական անվտանգության կոնցեպտին:
Սամվել Ասլիկյան