Պետք է անցնենք հասարակության մոբլիզացիայի ճանապարհը. ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ

Մեր գաղափարակից ընկերները, որոնք գտել են մեզ, քայլում են մեր հետ, պայքարում են մեր հետ, պետք է գիտակցեն, որ չկա այնպիսի մի «կտրուկ քայլ», կամ գործողություն, որը կլուծի մեր առջև դրված խնդիրները։

Մենք պետք է համբերատար լինենք ու գիտակցենք, որ խնդիր ունենք հասարակության լայն շերտերի քաղաքական պատկերացումների փոփոխության, իսկ դա պայքար է հայ ժողովրդի դեմ դարերի պրոպագանդայի հաղթահարման համար։

Կարծում եմ, որ այդ առումով Բևեռը հաջողություններ արդեն ունի և երբ այդ հաջողությունները բավարար դառնան, անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանության, մեր հասարակությունը կստիպի ապահովել անհրաժեշտ անվտանգային միջավայր բոլորիս համար։

Դա եմ տեսնում, երբ համեմատում եմ քաղաքակիրթ աշխարհի, Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի քաղաքականությանը հետխորհրդային երկրներում։ Ես տեսնում եմ, որ այս պահին ԱՄՆ-ն առավել մեծ ջանքերով և զոհողություններով պատրաստ է պաշտպանել մերձբալթյան երկրները, առավել քիչ Ուկրաինան ու Վրաստանը և վերջապես նվազագույն ջանքերով Հայաստանը, ոչ թե քաղաքական ինչ-որ հաշվարկների պատճառով, ոչ թե ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների և ռեսուրների պատճառով, այլ առաջին հերթին տվյալ երկրների հասարակությունների կողմից հիվանդագին ռուսամոլության չափաբաժնից ելնելով, որը բնականաբար ընդամենը ցուցիչ է, որևէ հասարակության քաղաքակրթվածության, սեփական պատմության գնահատման և մոնղոլա-թրքական արժեքների մերժման։

Եթե Հայաստանում լիներ մի «շենք», որը գրավելով կարելի էր նվազեցնել մեր հասարակության ռուսամոլությունը, ապա այդ շենքը գրավելը իսկապես քաղաքական ծանրակշիռ նպատակ կարող էր լինել, անգամ մեր այսօրվա հետևորդների ռեսուրսներով, բայց ես չեմ տեսնում նման «շենք»։ Ես տեսնում եմ ճանապարհ, որ պետք է անցնենք և այդ ճանապարհը հասարակության մոբլիզացիայի ճանապարհն է՝ Բևեռի գաղափարների շուրջ, որոնք բացարձակապես մերժելի են համարում վերոնշյալ հիվանդագին ռուսամոլությունը, որը մեզ բերեց այսօրվա աղետին։

ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆ