Պետությունները և ազգերը սահմաններ են գծում միջազգային պայմանագրերով: Միջազգայի՛ն, այլ ո՛չ ներպետական:

Կարծես թե շատ պրիմիտիվ բանաձև է հասկանալու համար: Ինչպես որ` 1+1=2, մածունը սպիտակ է, կամ էլ ձմեռը ձյուն է գալիս:

Բայց պարզվում է՝ այս պրիմիտիվ բանաձևը շատ քչերն են հասկանում Հայաստանում: Բոլշեվիկյան ներաշխարհով, ներսովետական սահմաններն ընդունում են որպեսզ պետական:

Ասում ենք` 1920 թվին աշխարհը ճանաչել է ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ, միջազգային պայմանագրերով, փաստաթղթերով ամրագրված է, ասում են` է՛, հարյուր տարվա բան ա, ո՞վ ա հիմա հիշում: Հարյուր տարվա միջազգային ճանաչված հայանպաստ սահմանները չեն հիշում, իսկ հարյուր տարվա ներսովետական կովբյուրոյի հակահայ սահմանները հիշու՞մ են:

Այս սովետական վարակն այնքան է մտել մեր երակներ, որ քիչ չէ սովետական Հայաստանը համարում ենք պետություն, նաև նրա սահմանները համարում ենք իրավական և միջազգային ճանաչված: Դրան գումարած, օրինակի համար` Մեծ Բրիտանիային, որը ճանաչել է 1920 թվի ՀՀ սահմանները, Արցախը, Նախիջևանը և այլ տարածքներ ներառյալ` ոմանք անվանում են թշնամի: Իսկ Լենին-քեմալ ակտով Հայաստանը մասնատած ԽՍՀՄ իրավահաջորդին` դաշնակից:

Իհարկե, ամեն երկիր ունի իր շահերը: Իհարկե, Մեծ Բրիտանիան նույնպես ունի իր շահերը: Բայց ինչո՞ւ ենք մենք սպասում, որ այդ շահերը պետք է համընկնեն մեր շահերի հետ, եթե մենք մեզ չենք համարում սուբյեկտ, եթե մենք մեզ չենք համարում մեր տարածքների տեր, եթե մենք մեզ համարում ենք ռուսական շահերը սպասարկող օբյեկտ, եթե մենք չունենք արտաքին քաղաքականություն, եթե ոչ մեկի հետ չենք բանակցում և ընդանուր շահեր չենք փնտրում: Ինչո՞ւ ենք մենք սպասում, որ Բրիտանիան, Իսրայելը, Վրաստանը և այլոք պետք է սպասարկեն մեր շահերը, եթե մենք չենք սպասարկում մեր սեփական շահերը, մենք չկանք, մենք պետություն չենք, մենք գաղութ ենք:

Ասում ենք` ԽՍՀՄ-ի Հայաստանի սահմանները, իրավական չեն, միջազգային ճանաչված չեն և 1920-21 թվերին Հայաստանը բռնագրավվեց, ասում են` բա ինչի՞ ես այդպես ասում, սովետի ժամանակ ինչքա՛ն մտավորական ունեցանք, ինչ լավ սերունդ տվինք, Արցախյան պատերազմը հաղթող սերունդ:

Հիմա արի ու փորձիր տվյալ մարդկանց բացատրել, որ միջազգային հարաբերությունները ոչ մի ընդհանուր բան չունեն խորհրդային (հայ) մտավորականների թվի հետ…

Սամվել Ասլիկյան
7 հունվարի, 2021 թ., Ք. Երևան