Պարույր Սևակ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ․ ՂՈՂԱՆՋ ԱՎԵՏԻՍԻ

Մի հրաշալի՜ց-անսովո՜ր երազ. Հարավից չված հազարան մի հավք, Սոխակի ձայնով-ուժով անգըղի, Աքլորների հետ լուսայգ շեփորեց կտուրներն ի վար, Հետո դարավոր կաղնու փչակը կտցով քչփորեց Եվ – մե՜կ էլ հանկարծ – Իր կտցի վրա այնտեղից հանեց Շողեր ծալծըլված, Շողեր դարսիդարս՝ Օձունի վանքի Շարակնոցի պես: Մինչ այդ շողերը, ծալ-ծալ բացվելով, Հենց այն է պիտի – ծլընգ հա՜ ծլընգ – զնգային կարմիր, Հազարան հավքը հրթիռվեց-գնաց՝ Վերև սուրացող ասուպի նման, Եվ… թառե՞ց արդյոք Լուսաստղի վրա, Թե՞ ինքը դարձավ Լուսաստըղ մի նոր… …Երևի այդօր – քանի՜ դար հետո – Երկինք ու երկիր հաշտվեցին նորից… …Երևի այդօր – քանի՜ դար հետո – «Հայաստան» բառից պոկվեցին – ընկան «Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն…