Ուկրաինան այս տարի կարող է հաղթել պատերազմը

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում՝ պայմանով, որ ուկրաինացիները մնան միասնական։ «Արագությունը կախված է մի քանի բանից՝ ամրություն Ուկրաինայի ներսում և ուժ դրսից՝ գործընկերների օգնությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ գործընթացները դանդաղեն՝ թե՛ դրսում, թե՛ ներսում, քանի որ դա կձգձգի պատերազմը»,- ասել է նա Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է նախագահի կայքը։ Զելենսկին հերքել է այն պնդումը, թե ուկրաինական հաղթանակն անհրաժեշտ չէ կամ մասնակի հաղթանակն ընդունելի է։