Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումների վերսկսված աճը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների մոտ:
Պաշտոնական անձինք, խոսել են անանունության պայմանով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել այդ հարցը, հայտարարել են, որ զորքերի տեղաշարժը կրկին անհանգստություն է առաջացրել ապրիլից ի վեր, որը վերջին տարիներին Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զորքերի ամենախոշոր աճն էր, և արժանացել էր միջազգային արձագանքի:
Այս շրջանում ռուսական զորքերի վերսկսված տեղաշարժերը տեղի են ունենում այն իրավիճակում, երբ Կրեմլը ավելի կոշտ գիծ է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից և ավելի ցածր, վերջին ամիսներին ուժեղացրել են իրենց հռետորաբանությունը՝ հարձակվելով Արևմուտքի հետ Կիևի կապի վրա և անգամ կասկածի տակ դնելով Կիևի ինքնիշխանությունը։ Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ցանկացած ընդլայնում «կարմիր գիծ» է Մոսկվայի համար:
Իրավիճակը նաև սրվում է այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերի և Դոնբասի արևելյան շրջանում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջեւ 7,5-ամյա եռացող հակամարտությունը նոր փուլ է մտնում: Հոկտեմբերի 26-ին ուկրաինացի զինվորականները հաստատել են, որ օգտագործել են թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք Դոնբասի դիրքերի դեմ, Կիևն այդ տեխնոլոգիան առաջին անգամ է կիրառել մարտում, ինչն առաջացրել է Մոսկվայի բողոքը: Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները այժմ հատկապես լարված են։ Ռուսաստանը դադարեցրել Է ՆԱՏՕ-ին առընթեր իր առաքելությունը հոկտեմբերի 18-ին այն բանից հետո, երբ դաշինքը լրտեսության մեղադրանքով արտաքսել է ռուսական առաքելության ութ անդամների:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որոնք ցուցադրում են ռուսական ռազմական գնացքներ և ավտոշարասյուններ, որոնք մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում, այդ թվում ՝ տանկեր և հրթիռներ, Ռուսաստանի հարավում և արեւմուտքում:
«Բանն այն է, որ սա ուսումնական տագնապ չէ։ Դա նման չէ վերապատրաստման զորավարժություններին: Ինչ-որ բան տեղի է ունենում. Ի՞նչ է դա»- ասել է Վիրջինիայում տեղակայված «CNA» վերլուծական խմբի Ռուսաստանի ուսումնասիրության ծրագրի տնօրեն Մայքլ Քոֆմանը: Քոֆմանի խոսքով՝ հանրային հասանելի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանի 41-րդ բանակի ուժերը, որը սովորաբար տեղակայված է Սիբիրում, զորավարժություններից հետո չեն վերադարձել Սիբիր, այլ դրա փոխարեն միացել են ռուսական այլ զորքերի հետ Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Քոֆմանը նաեւ ասել է, որ համացանցում հրապարակված կադրերը, կարծես, ցույց են տալիս, որ Ռուսաստանի 1-ին գվարդիական տանկային բանակը, Մոսկվայի սահմաններից դուրս տեղակայված էլիտար ստորաբաժանումը, անձնակազմ և տեխնիկա է տեղափոխում դեպի Ուկրաինա:
Միացյալ Նահանգների և Եվրոպայի պաշտոնյաները սկսեցին նկատել այդ շարժումները, հատկապես վերջին շաբաթների ընթացքում, երբ Ռուսաստանը սեպտեմբերի կեսերին իր արևմտյան թևի վրա ավարտեց Բելառուսի հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները, որոնք հայտնի են որպես «Արեւմուտք 2021»: