Նոր կանոններով, նոր աշխարհում, ահաբեկչության և անարխիայի համար տեղ չպետք է լինի

Մենք մեր սրտերում և հոգիներում զգում ենք գլոբալ փոփոխությունների հետ կապված նոր վերադասավորումները, նոր աշխարհակարգի հիմքերի կառուցումը:

Ցավոք սրտի, նոր աշխարհը ստեղծվում է հազարավոր անմեղ կյանքերի գնով։ Այդպես եղավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, այդպես եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և մասամբ այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ցավոք Արևմուտքը, և ընդհանրապես ողջ առաջադեմ աշխարհը, Առաջին համաշխարհային պատերազմից հետո չկարողացան սահմանափակել Ռուսաստանին և Թուրքիային իրենց աշխարհաքաղաքական հավակնություններում, համամարդկային արժեքների և ազգային պետությունների անկախության նկատմամբ: Նաև ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն ավարտին չհասցրեց «ԿԳԲ»-ական համակարգի վերջնական փլուզումն, ինչի արդյունքում ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդները դեռ վճարում են։

Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերով 2020 թվականին հարձակվեց Հայաստանի վրա, այն, ինչ հիմա անում է Ուկրաինայում։ Ցավոք սրտի, Հայաստանի խամաճիկ կրեմլահաճո վերնախավը դավաճանեց հայ ժողովրդին և հայկական բանակին։ Ուկրաինական քաղաքական վերնախավը, ի տարբերություն հայկականի, որոշում ունի գնալ մինչև վերջ, թեև ուկրաինական քաղաքական համակարգում նույնպես առկա են կոլաբորանտներ կամ պարզապես ապաշնորհ գործիչներ։

Ստորև կփորձեմ հիմնավորել այս միտքս.

Ուզում եմ ընդգծել, որ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զոհերի մեծ մասը եղել է Ադրբեջանի կողմից ռուսական զենքի կիրառմամբ։ Ավելին՝ ռուսական հետախուզությունը թուրքերին էր փոխանցում հայկական բանակի ռազմավարական օբյեկտների գտնվելու վայրը, այդպիսով Ռուսաստանը իր բոլոր քաղաքական լծակներով, տեղի գործակալներին օգտագործելով, օգնեց թուրքերին և ադրբեջանցիներին գրավել Հայաստանի տարածքի մի մասը։ Աշխարհաքաղաքական այլ պատճառներ հաշվի առնելուց զատ, Ռուսաստանը դա արեց՝ հետագայում Ուկրաինայի դեմ ագրեսիայում Թուրքիայի չեզոքությանը հասնելու համար։ Եվ նա գործնականում դա հաջողեց։ Թուրքիան չի միացել արևմտյան պատժամիջոցներին, Թուրքիան օգնում է Կրեմլին տնտեսական հատվածում, նույնիսկ օգնում է Կրեմլին գնել գողացված հացահատիկ և դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Բացի այդ, մի մոռացեք, որ Թուրքիան նույնպես հավակնություն ունի Ղրիմի նկատմամբ և երբեք չի թաքցրել դա։ Ցավոք, այս պարզ ճշմարտությունը չհասկացավ Ուկրաինայի քաղաքական վերնախավը, 44-օրյա պատերազմից հետո շնորհավորելով օկուպանտ ու ագրեսոր Ադրբեջանին: Իսկ այսօր էլ Ուկրաինայում ոչ բոլորն են սա հասկանում։ Նրանք նույնպես չեն հասկանում, որ Ռուսաստանն ու Թուրքիան սիամական երկվորյակներ են, և երբ վերջնականապես փլուզվի Ռուսաստանի չեկիստական համակարգը, հաջորդիվ ցեղասպան Թուրքիան կարժանանա նույն ճակատագրին։ Ի վերջո, այս երկու երկրներն էլ հորդայական զավթողական համակարգի ժառանգորդներն են և նրանք աջակցում են միմյանց։

Չնայած դրան, Ուկրաինայում վերնախավը հասկանում է, որ Ուկրաինան գտնվում է աշխարհակարգի փոփոխության եզրագծում և պատվով կրում, բարու և չարի, ժողովրդավարության դեմ անիշխանության դիմակայության առաջատար ժողովրդի բեռը։

Համոզված եմ, որ հայ ժողովուրդը նույնպես մոտ ապագայում ոտքի կկանգնի, երկրից դուրս կշպրտի Կրեմլի գործակալներին և այս առճակատման մեջ կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին: Մենք մերժելու ենք ռուս-թուրքական օկուպացիան՝ կառուցելով ժողովրդավարական հայկական պետություն: Բայց հանուն արդարության պետք է նշել, որ հայ ժողովուրդն արդեն իսկ միացել է այդ ճանապարհին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում դիմակայելով երեք ագրեսիվ-ցեղասպան քվազիկայսրությունների։

Հայ ժողովուրդը պարտվեց ներքին թշնամուն, ինչպես որ դա տեղի ունեցավ Ուկրաինայում 2014 թականին: Բայց ինչպես նշեցի, մենք շատ շուտով ոտքի ենք կանգնելու և շարունակելու ենք մեր պայքարը։

Այս պայքարում ռուս ժողովուրդը դեռ պետք է իրեն դրսևորի։ Նրանցից շատ բան է կախված։ Կարծում եմ, որ Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս դեռ կան մարդիկ, որոնց համար «Պատիվ» բառն ավելին է նշանակում, քան սեփական վախերը։

Ինչպես նշեցի, աշխարհը փոխվում է։ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն արդեն թակում է մեր դռները, նոր աշխարհակարգի համատեքստում, որի հիմքերից մեկը աշխարհաքաղաքական և տնտեսական լոգիստիկ կապերն են, և այն անտեսանելի պայքարը, որը գնում է քաղաքա-տնտեսական, հյուսիս-հարավ ճանապարային առանցքի և արդեն իսկ Արևմուտքի կողմից մերժված և ձախողած Ռուս-թուրքական «3 + 3» նախագծի միջև:

Նոր կանոններով, նոր աշխարհում, ահաբեկչության և անարխիայի համար տեղ չպետք է լինի: Ժողովրդավարությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի նոր աշխարհակարգով։ Այս անգամ Արևմուտքը սխալվելու իրավունք չունի, եթե ցանկանում է վերջ տալ չեկիստական ահաբեկչությանը:

Փա՛ռք իրենց ազատության համար պայքարող ժողովուրդներին։

Կեցցե ապագա նոր աշխարհը:

 

Սամվել Ասլիկյան