Նժդեհը ռուսական 11-րդ բանակի հրամանատարին գրում է.
«…Կռիվ էր, ձերոնք թնդանոթների ու գնդացիրների հետ կախվել էին Կարճևան գյուղի վրա: Երրորդ օրն էր, իսկ հայ ապստամբները հեգնում էին թշնամու ճիգերն ու փորձերն ու առատ հունձ անում: Ջուր չկար, ծարավ էինք: Կարճևանցի հայ կինը կուժը լիքը սառը ջրով բարձրանում էր մեր դիրքերը: Թշնամին նկատելով գնդացրային կրակ բացեց նրա վրա: Հարյուրավոր գնդակներից մեկը փշրեց նրա կուժը: Կինը նորից իջավ Արաքսի ափը, նոր կուժը լցրեց ջրով ու շարունակեց դեպի մեր դիրքերը: Էլի ընկավ կրակի տակ, թեթև վիրավորվեց և կորցրեց կուժը: Հավատացած էինք, որ նա այլևս չի վերադառնա, բայց մի քիչ անց նորից պաշտելի հերոսուհին բարձրացավ սարը: Վիրավորված հայ կնոջ ներկայությունը կրակով և վրեժով լցրեց ապստամբների հոգիները: Կես ժամ անց թշնամին մեր սարերից կրնկակոխ փախչում էր: Ահա իմ ուժը: Ահա թե ինչով և ինչպես ենք հաղթում մենք»: